Մատչելիության հղումներ

«Ադրենալին, նոր ինչ-որ բանի ցանկություն ու սարսափելի վախ բարձրությունից», - այսպես է նկարագրում Մարիաննան պարաշյուտով կատարած իր առաջին թռիչքից առաջ ունեցած զգացողությունները:

Մարիաննան մասնագիտությամբ իրավաբան է: 3 տարի առաջ որոշեց իրականացնել իր վաղեմի երազանքը` թռիչք պարաշյուտով, բայց ինքն իր առջեւ դրեց նպատակ. հետաքրքրությունը բավարարել եւ այն հոբբի չդարձնել: Սակայն խոստովանում է՝ թռիչքն իր համար դարձավ հիվանդություն:

Առաջին թռիչքն իրականացրեց ծնողներից գաղտնի: Անցավ բժշկական հետազոտություն, ստացավ բժիշկների թույլտվությունը, լսեց հրահանգչի բոլոր ցուցումները, իր ձեռքով մի քանի անգամ քանդեց ու հավաքեց պարաշյուտն ու մեկ օր անց արդեն պատրաստ էր թռիչքին:

Պարաշյուտով թռչելու համար կարեւոր է մարդու քաշը` այն չպետք է գերազանցի 85-90 կիլոգրամը եւ ցածր լինի 40 կիլոգրամից:

Մարիաննան 46 կիլոգրամ էր, հետեւաբար` թռչել թույլատրվում էր, սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, քամին իրենից ուժեղ է: Մարիաննան վայրէջք կատարեց նախատեսված վայրից 500 մետր հեռու. - «Վերեւից նայում եմ ու հասկանում, որ իջնում եմ տների վրա, ու այդ պահին ե՛ւ սարսափում եմ, ե՛ւ մտածում հասնել ներքեւ ու բղավել. - «Ես արեցի դա»:

Մարիաննայի փոքր քույրը ` Օֆելյան, ներկա լինելով քրոջ թռիչքին, առանց վայրկյան իսկ տատանվելու որոշում կայացրեց հետեւել նրա օրինակին: Օֆելյան խոստովանում է. - «Դա սթրես էր մինչեւ թռիչքը, երբ ուղղաթիռի միջից նայում էի ներքեւ, բայց երբ եկավ թռիչքի պահը, վեր կացա, մոտեցա եւ թռա»:

Ընդհանուր թռիչքը քույրերի համար արժեցավ 23 հազար դրամ, որից 15 հազարը՝ օդ բարձրացնել-իջեցնելը, 3 հազար դրամը՝ բժշկական հետազոտությունը, եւ 5 հազար դրամը՝ գրանցվելը:

Քույրերը խորհուրդ են տալիս թռչել պատրաստվողներին. - «Ոչ ծանոթի միջոցով բժշկական հետազոտություն, հրահանգչի ցուցումների հանդեպ հետեւողականություն, լարված ուշադրություն` ահա սեփական կյանքը չվտանգելու լավագույն տարբերակը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG