Մատչելիության հղումներ

«Կազանյան հանդիպմանը չհաջողվեց որեւէ հիմնարար խնդիր լուծել»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպումը, 24-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպումը, 24-ը հունիսի, 2011թ.
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը, իրականում, քիչ բանով էր տարբերվում նախագահների նախորդ հանդիպումներից, իսկ հանդիպման ընթացքում էլ չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Սքոթ Շիթսը:

Ուրբաթ օրը Կազանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ստորագրեցին համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

Կազանյան հանդիպմանը նախորդած օրերին, մինչդեռ, հայտարարություննեևր էին հնչում, թե հնարավոր է, որ Թաթարստանի մայրաքաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության հանգեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

«[Կազանում ընդունվածը] զուտ ֆորմալ հայտարարություն էր: Բովանդակությունը անորոշ էր, այսինքն` ասվում է, թե ինչ-որ առաջընթաց է ձեռք բերվել, սակայն չի հստակեցվում` ինչ առաջընթաց, ինչ ուղղություններով: Կասեի, որ շատ նման է նախորդ հանդիպումներին: Իմ կարծիքով, [հանդիպման ընթացքում] չի հաջողվել որեւէ հիմնարար խնդիր լուծել», - ասաց Լոուրենս Սքոթ Շիթսը:

Նրա խոսքերով` կազանյան հանդիպման վերաբերյալ կարելի է առանձնացնել այն, որ ղարաբաղյան խնդրի հետ կապված դինամիկան չհաջողվեց բարելավել:

«Խաղաղություն չկա, մարդիկ կրակում են, ռազմականացում է ընթանում: Երկու երկրների զանգվածային լրատվամիջոցները, պաշտոնատար անձինք անընդհատ մեղադրում են միմյանց: Այնպես որ, դինամիկան այդպես էլ չհաջողվեց բարելավել, այն բավականին ապակառուցողական է», - ընդգծեց Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրենը:

Ղարաբաղյան խնդրի հեռանկարի մասին խոսելիս Շիթսը հարկ համարեց նաեւ շեշտել, որ «պատերազմը չի կարող խնդրի լուծում լինել եւ կարող է միայն խլել անմեղ շատ մարդկանց կյանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG