Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նշեց իր զինուժի օրը


Զորահանդեսը Բաքվում, 26-ը հունիսի, 2011թ.
Զորահանդեսը Բաքվում, 26-ը հունիսի, 2011թ.
Կիրակի օրը Բաքվում տեղի է ունեցել զորահանդես, որը նվիրված էր Ադրբեջանի անկախության վերականգնման 20-ամյակին:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, զորահանդեսին մասնակցել է 6 հազար զինծառայող, հրապարակ է հանվել ռազմական տեխնիկայի եւ զինատեսակների շուրջ 400 միավոր, այդ թվում Ադրբեջանում արտադրված կամ արդիականացված զենքի 60 միավոր, 14 զրահամեքենա:

Զորահանդեսին մասնակցել է նաեւ 35 մարտական ուղղաթիռ, 22 օդանավ, 28 նավ եւ այլ տեխնիկա:

Զորահանդեսին ելույթ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, ով հերթական անգամ վստահեցրել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անպայման տեղի կունենա տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, մենք կշարունակենք հարցի դիվանագիտական կարգավորման ջանքերը: Ղարաբաղը հիմա օկուպացված է, բայց անպայման կազատագրվի», - պնդել է Իլհամ Ալիեւը:

Նա ասել է, թե Ադրբեջանը հետեւողականորեն ավելացնելու է բանակի ֆինանսավորումը, եւ այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը:

Նախօրեին Ալիեւը ստորագրել է զինծառայողների աշխատավարձը 25 տոկոսով բարձրացնելու մասին հրամանագիր, որն ուժի մեջ է մտնում այս տարվա հուլիսի 1-ից:

Ալիեւը նշել է, որ 2003 թվականից ի վեր երկրի պաշտպանության ծախսերը քսանապատիկ աճել են եւ 160 միլիոն դոլարից հասել 3 միլիարդ 300 միլիոն դոլարի:

«Մենք ձեռք ենք բերում արդիական մարտական օդանավեր, մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռներ, հրթիռային համակարգեր, զրահատեխնիկա եւ անօդաչու թռչող մեքենաներ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ 23 ամիս գոյատեւած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարությունը 1918 թվականի հունիսի 26-ին ընդունել է հատուկ ռազմական կորպուս ստեղծելու որոշում:

1991 թվականի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է օրենք բանակի կազմավորման մասին, իսկ 1998 թվականին նախագահ Հեյդար Ալիեւի որոշմամբ հունիսի 26-ը հռչակվել է զինված ուժերի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG