Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ նախկին պայմանավորվածություններին


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր հանդես է եկել հայտարարությամբ` կարեւորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանելով նախօրեին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բանակցությունները, Աժուբալիսը ասել է. - «Ես ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը: Հուսամ, որ չլուծված խնդիրների շուրջ աշխատանքը կշարունակվի` ճանապարհ հարթելով հակամարտության կարգավորման համար»:

ԵԱՀԿ-ի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, կազմակերպության գործող նախագահը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել եւ օգնել կողմերին` Հարավային Կովկասում հակամարտություններին եւ անկայունությանը վերջ տալու գործում:

Աժուբալիսը կարեւորել է հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` քաղաքացիական հասարակության ներգրավմամբ, ինչը, նրա խոսքով, քննարկվել է այս տարվա մարտին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ իր հանդիպումների ընթացքում:

«Ես ղեկավարներին կոչ եմ անում հավատարիմ մնալ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձեւաչափով նախորդ հանդիպումների ժամանակ Աստրախանում` 2010-ի հոկտեմբերին, եւ Սոչիում` այս տարվա մարտին, այդ թվում` Շփման գծում հնարավոր միջադեպերի հետաքննման եւ ուժի գործադրման սպառնալիքներից զերծ մնալու վերաբերյալ», - նաեւ ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG