Մատչելիության հղումներ

logo-print

Հունիսի 25-ի մամուլ


«Հրապարակի» խմբագիրը գրում է. - « Երեկ մեր ժողովուրդը հերթական, ըստ իս, անիմաստ հրճվանքն ապրեց. Կազանում Ղարաբաղի հետ կապված որեւէ փաստաթուղթ չստորագրվեց: Ոմանք, անշուշտ, կառարկեն ինձ՝ ինչո՞ւ անիմաստ, ավելի լավ է ոչինչ չստորագրվի, քան մեզ համար աննպաստ փաստաթուղթ ստորագրվի: Համաձայն եմ՝ եթե դա չի նշանակում ընդամենը այս տանջալից ու անորոշ սպասումի երկարաձգում, այս չավարտված ու ամեն օր մեզնից նորանոր զոհեր խլող պատերազմի շարունակություն, այս մեկուսացված ու կոմունիկացիաներից զուրկ, փակ սահմաններով ու բնատնտեսության կանոններով գոյատեւման խորացում: Ժամանակ ձգելը կարող է մեն մի իմաստ ունենալ՝ եթե ժամանակ շահելով, իրավիճակը հօգուտ մեզ ենք ծառայեցնում: Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե այդպես է»:

«Երկիրը» գրում է. - «Բանակցությունների նախորդ եւ ոչ մի փուլում պաշտոնական Ստեփանակերտը երբեք այսքան հստակ եւ բացահայտ դեմ չէր արտահայտվել արդեն ստորագրման ներկայացված Մադրիդյան սկզբունքներին: Դա տպավորություն էր ստեղծել, թե ԼՂՀ-ի համար ընդունելի է այն քաղաքականությունը, որը բանակցություններում վարում է Հայաստանը: Արցախի պետական եւ հասարակական շրջանակների ներկայիս աննախադեպ սուր արձագանքը, սակայն, վկայում է երեք տարի շարունակ հարցի կարգավորման կապակցությամբ երկու հայկական պետությունների դիրքորոշումների միջեւ առկա, բայց խնամքով թաքցված ճեղքվածքի մասին: Սա ոչ միայն Հայաստանի՝ ԼՂՀ-ին բանակցություններից հեռացնելու, այլեւ իր օրինական իրավունքներին տեր չկանգնելու, կրավորական կեցվածք որդեգրելու և տևական ժամանակ լռելու` ղարաբաղյան իշխանությունների թույլ տված կոպիտ քաղաքական սխալների հետեւանքն է, որը բանակցություններում մանեւրելու ռեսուրսների սպառմանը զուգընթաց, անխուսափելիորեն պետք է մի օր դուրս գար ջրի երես»:

«Չորրորդ ինքնիշխանությունում» կարդում ենք. - «Ղարաբաղյան թեմայով բարձր մակարդակի ցանկացած հանդիպում ուղեկցվում է արդեն պարտադիր դարձած, ինչ-որ տեղ` նույնիսկ ծիսակարգ հիշեցնող ակցիաներով: Նախ` հանդիպումից մի քանի օր առաջ հնարավո՞ր բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, պատերազմի վետերանների միավորումներն ու այլ կառույցներ հայրենասիրական հայտարարություններ են անում եւ հույս հայտնում, որ նախագահը ոչ մի անընդունելի փաստաթուղթ չի ստորագրի, բայց հենց որ այդ նույն նախագահը նստում է ինքնաթիռ ու մեկնում հանդիպման վայր` իսկույն հայտարարությունների նոր ալիք է բարձրանում, թե հարայ, հասեք, Սերժ Սարգսյանին ճնշում են, բայց մենք «գլխանց» ասում ենք` ինչ էլ ստորագրի, չենք ընդունելու: Այդ ընթացքում ՀՀԿ-ն շունչը պահած սպասում է, որ բան է, եթե հանկարծ «շեֆն» ինչ-որ բան ստորագրի` իսկույն հայտարարի, թե դա մեր հերթական փայլուն հաղթանակն էր, իսկ եթե չստորագրի` մազապուրծի ժպիտով ասի «տեսա՞ք, որ իզուր էիք կռռում»: Այս իրավիճակը միայն մի բան է ապացուցում` Հայաստանում չկա որեւէ քաղաքական ուժ կամ կազմակերպություն, որը Ղարաբաղի հարցում մինչեւ վերջ կվստահի Սերժ Սարգսյանին: Եթե նման վստահություն լիներ, վերջին պահին բարձրացած այս աղմուկն էլ չէր լինի. Բոլորը հանգիստ կսպասեին, թե ինչպես Սերժ Սարգսյանը չի ստորագրելու փաստաթուղթը»:

Երեկ «Առավոտը» զրուցել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ, ով պատասխանելով այն հարցին, թե ակնկալո՞ւմ էր, որ Կազանում բանակցությունները կարող էին ավարտվել այսպիսի` մի քանի տողանոց շնորհակալական հայտարարությամբ, ասել է. - «Ես մեկ վայրկյան չեմ կասկածել, որ նման ընդհանուր ձեւակերպումներով հայտարարություն է ստորագրվելու, որովհետեւ մի բան է` ընդհանուր դիվանագիտական գործընթացը, երբ համանախագահող երկրների դիվանագետները, նախագահները ինչ-որ հայտարարություններ պետք է անեն, լրիվ այլ բան է` ընթացող պրոցեսների ընդհանուր համատեքստը, բոլոր հայտարարությունների` տարածաշրջանային կարեւոր դերակատարություն ունեցող խաղացողների, օրինակ` Իրանի, Ալիեւի եւ Սարգսյանի ու մյուսների: Դովիլից հետո ամբողջ գործընթացին հետեւելիս ակնհայտ է, որ կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, ու որեւէ բան հնարավոր չէր լինելու ստորագրել»:

Lragir.am-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանը Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին ի պատասխան ասաց, որ ինքը չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, որ նախադրյալներ չկան»: Պատասխան. - « Սերժ Սարգսյանն, իհարկե, իր պատասխանում անկեղծ չէր: Ու միանգամայն հասկանալի է, որ նա այնտեղից չէր կարող հայտարարել, թե ինքը կապիտուլյացիայի է ենթարկվում, որ վերադառնալով Հայաստան, հրաժարական է ներկայացնելու, որ արտահերթ ընտրությունների գործընթաց է նախաձեռնելու: Բնական է, որ ԵԽԽՎ-ում նա այդ բանը չէր ասելու: Բայց դա դեռ չի նշանակում, որ ինքն այդ ամենը չի անելու, որ չի գիտակցում երկրում ստեղծված իրավիճակը, որ ի վերջո ստիպված է լինելու գնալ արտահերթ ընտրությունների»: Հարց. - «Այսինքն` կարծում եք կգնա՞ արտահերթ ընտրությունների: Այսինքն` կգա Հայաստան ու կհայտարարի հրաժարականի մասի՞ն»: Պատասխան. - «Պարտադիր չէ, որ հայտարարի… երկրում ստեղծված իրավիճակը կբերի դրան, իսկ ինքը լավ գիտի իրավիճակը: Արտահերթ ընտրություններն անխուսափելի են, ու դա է մեր երկրի փրկությունը: Հասարակություն-իշխանություն կապը վերահաստատելու, առաջ նայելու, երկրին ապագա նվիրելու կարեւոր հանգամանքը արտահերթ ընտրություններն են: 2008 թ. կեղծված ընտրություններից հետո հասարակություն-իշխանություն վիհը անհրաժեշտ է հաղթահարել արտահերթ ընտրություններով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG