Մատչելիության հղումներ

Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը




Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ այսօր Կազանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Թաթարստանի մայրաքաղաքում այժմ ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով թվով արդեն 9-րդ հանդիպումը, որը կարող է բեկումնային դառնալ, քանի որ չի բացառվում, որ ստորագրվի Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման փաստաթուղթ:

Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ լավատեսությամբ լցված է մեկնում Կազան:

«Դա, իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Կազան մեկնելու նախօրեին Եվրոնյուզին հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեը, ով, ներկայացրել է Բաքվի ակնկալիքները եռակողմ հանդիպումից։ Նա ասել է, թե ի պատասխան հայկական ուժերի դուրս բերմանը իր երկիրը տալու որեւէ բան չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը, Ալիեւի պնդմամբ, Ադրբեջանի պատմական տարածքն է եւ միջազգային համայնքի տեսակետից էլ գտնվում է Ադրբեջանի կազմում։

«Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին` պետք է ասեմ, որ Ադրբեջանը դեռ մի երկու տարի առաջ հայտարարել է, որ ընդունում է դրանք որպես բանակցությունների հիմք։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը նույնը կանի», - հավելել է Ալիեւը:

Բանակցություններից առաջ լավատեսական հայտարարություններով էին հանդես եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները: Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռաբերտ Բրադկեն, մասնավորապես, ասել է. - «Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, կարեւորագույն կետն է գործընթացում 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG