Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Արզաքանցյանի հայցը ընդդեմ «Իրավունք»-ի


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր մերժել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի հայցը ընդդեմ «Իրավունք» թերթի: Այդ մասին հաղորդում են «Իրավունք»-ի խմբագրությունից:

Տիգրան Արզաքանցյանը իր հայցով պահանջում էր պարտավորեցնել թերթին` հրապարակել իր կողմից ներկայացված պատասխանը «Իրավունք»-ի այս տարվա փետրվարի 22-ի համարում տպագրված «Կլորիկ գումա՞ր է «կրվել»» խորագրով հոդվածի վերաբերյալ, «Իրավունք Մեդիա» ընկերությունից բռնագանձել 3 միլիոն դրամ (շուրջ 8 հազար դոլար)` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաեւ 586 հազար դրամ` փաստաբանական ծառայության վճարը, 68 հազար դրամ` որպես վճարված պետական տուրքի գումար:

Հայցը մերժվել է ամբողջությամբ`«անհիմն լինելու հիմքով»: Դատարանը որոշել է նաեւ Արզաքանցյանից բռնագանձել 10 հազար դրամ` որպես «գործով չվճարված պետական տուրքի գումար»:

«Սա առաջին դեպքն է, երբ դատարանը մերժում է օլիգարխի հայցն ընդդեմ լրատվամիջոցի», - ընդգծում է «Իրավունք»-ի խմբագրությունը իր հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG