Մատչելիության հղումներ

«Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը կլինի դժվարին ճանապարհի ամենաառաջին քայլը միայն»


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 5-ը մարտի, 2011թ.

Եթե անգամ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան Կազանում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, դա կլինի դժվարին ճանապարհի ամենաառաջին քայլը միայն, փաստում են արեւմտյան փորձագետները:

Նրանք ընդգծում են, որ երկու երկրների առաջնորդները պետք է նաեւ բավարար քաղաքական կամք ունենան՝ ձեռք բերված համաձայնությունը իրենց հասարակություններին ներկայացնելու եւ կյանքի կոչելու համար:

«Երկու հասարակություններում էլ այս գործարքին ընդդիմացող ուժեր կան, որոնք փորձելու են խարխլել ձեռք բերված համաձայնությունը: Այնպես որ, արդյունքների հասնելու համար շատ կարեւոր է, որպեսզի լինի հստակ ժամակացույց եւ առավելագույն ճնշում կողմերի վրա՝ որոշված քայլերը իրագործելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմ դե Վաալը եւ հավելել. - «Շատ կարեւոր է նաեւ միջազգային հանրության դերը, որը երկար ժամանակ անտեսում էր այս հակամարտությունը, սակայն այժմ պետք է սկսի մի շարք հավակնոտ ու շարունակական ծրագրեր իրականացնել՝ տարածաշրջանը կայունացնելու, վերակառուցելու, խաղաղապահ ուժեր կազմավորելու եւ համաձայնությունը է'լ ավելի ամրապնդելու ուղղությամբ»:

«Իրականում կարիք չկա սահմանել խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, դրանք հայտնի էին եւ ձեւավորվել էին պատերազմի արդյունքում», - իր հերթին, նկատում է Վաշինգտոնի Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Վեյնե Մերին՝ մանրամասնելով. - «Հայերը ստանում են Ղարաբաղն ու Հայաստանին կապող միջանցքը, ադրբեջանցիները՝ շրջակա շրջանները: Խնդիրը, սակայն, սրա իրագործումն է, որ ներառում է բազմաթիվ մանրամասներ ու վիճահարույց հարցեր»:

«Ըստ իս, ամենամեծ խնդիրն այն է, որ այժմ կողմերը միմյանց հետ են խոսում, այն դեպքում, երբ պետք է քննարկումներ անցկացնեն ներքին լսարանում։ Ես հասկանում եմ, որ դա հեշտ գործընթաց չէ թե' Հայաստանի, որը ակտիվ եւ համեմատաբար ժողովրդավար քաղաքական համակարգ ունի, թե' ոչ ժողովրդավար Ադրբեջանի համար: Ադուամենայնիվ, առանց ժողովուրդներին որոշակի բացատրություններ տալու, որեւէ մեկը չի կարող առաջընթաց արձանագրել», - ընդգծում է փորձագետը:

Ամենադժվարին հարցը, ըստ բրիտանացի Թոմ դե Վաալի, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու գաղափարին, որը կողմերից յուրաքանչյուրը փորձելու է տանը յուրովի եւ ի շահ իրեն ներկայացնել:

«Հայկական կողմը պնդելու է, որ դա հանգեցնելու է Ղարաբաղի վերջնական անկախությանը, Ադրբեջանը՝ թե դա թույլ է տալու պահպանել իր տարածքային ամբողջականությունը: Ակնհայտորեն, քվեարկությունը հետաձգելու գաղափարը նպատակ ունի ժամանակ շահել՝ տեղում իրավիճակը կայունացնելու եւ մարդկանց իրական փոփոխությունները ցույց տալու համար: Այդուամենայնիվ, սա մի հարց է, որին կողմերը վաղ թե ուշ ստիպված են լինելու վերադառնալ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG