Մատչելիության հղումներ

Կազանը պատրաստվում է ընդունել նախագահներին


Թաթարստան - Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշները
Թաթարստան - Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշները
Թաթարստանի մայրաքաղաքում ուրբաթ օրը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով թվով արդեն 9-րդ հանդիպումը, որը կարող է բեկումնային դառնալ, քանի որ չի բացառվում, որ ստորագրվի Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման փաստաթուղթ:

Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել էր, որ լավատեսությամբ լցված է մեկնում Կազան:

«Դա, իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Մինչդեռ, Կազանը պատրաստվում է հանդիպմանն ու դրան հաջորդող թաթարական ազգային տոնին` Սաբանտույին:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ինդիրա Բիկմիբետովայի փոխանցմամբ` քաղաքի փողոցները մաքրվել են, որոշ տեղերում նորոգման աշխատանքներ են անցկացվել: Կազանում անվտանգության ապահովման խիստ միջոցներ են ձեռնարկվել:

Օրվա երկրորդ կեսին նախագահները կմեկնեն Կազանի Կրեմլ, որը քաղաքի հիշարժան վայրերից է, Թաթարստանի նախագահի նստավայրում տեղի կունենա հանդիպում։

Հանդիսավոր ընթրիքից հետո բարձրաստիճան հյուրերին սպասելու են Կազանի ձիասպորտային համալիրում, որտեղ նախատեսված է Ռուսաստանի նախագահի գավաթի մրցարշավը:

Ի դեպ, այդ մրցումներին ներկա կլինեն նաեւ Թաթարստանում հայկական եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները: Համայնքների ղեկավարներն ընդգրկված են ընդունող պատվիրակությունների կազմերում: Թաթարստանում բնակվում են մոտ 7 հազար հայեր եւ 10 հազար ադրբեջանցիներ:

Հաջորդ օրը նախատեսվում է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Իսկ հունիսի 25-ի գլխավոր միջոցառումը թաթարական ազգային տոնն է` Սաբանտույը: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` թարգմանաբար դա նշանակում է «Գութանի տոն», հնում այն նշել են գարնանացանից հետո: Ավանդական տոնակատարությունների ընթացքում տեղի են ունենում համերգներ, նվերների փոխանակում, հյուրասիրություն եւ մարզական միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG