Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի արձագանքը Սարգսյանի ելույթի ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ հատվածին


Հայաստանյան քաղաքական ուժերն արձագանքում են Հանրապետության նախագահի` Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթի այն հատվածին, ուր Սերժ Սարգսյանը խոսում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին:

Նախօրեին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ նախագահ Սարգսյանը հայտարարեց. - «Ժողովրդավարության ամրապնդման անընդհատականության կարեւորությունը եղել եւ մնում է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքն ու նպատակը: Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն իրականացրել է ժողովրդավարության լայնամասշտաբ շինարարություն: Անկախության ձեռքբերումից ի վեր, եւ հատկապես 2005 թվականին Սահմանադրության համապատասխան փոփոխություններից հետո, զգալի աշխատանք է կատարվել ժողովրդավարության, իրավական պետության հետագա կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Մեր երկիրը լրջորեն ու անդառնալիորեն իր կենսակերպը համահունչ է դարձրել ժողովրդավար եւ ազատական աշխարհի կանոններին»:

Արձագանքելով Հայաստանի նախագահի այս խոսքերին Ազգային ժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Չգիտեմ որքանով են իրար փոխարինած ադմինիստրացիաները նվիրված եղել ժողովրդավարական արժեքներին եւ սկզբունքներին, բայց գիտեմ մի բան, որ այդ նվիրվածությունը չի կարող համատեղվել ամեն գնով իշխանությունը պահպանելու ձգտման հետ: Այսինքն, եթե դու ժողովրդավար ես եւ ռեֆորմներ ես իրականցնում իրական, այլ ոչ թե ձեւական, դու պետք է գիտակցես, որ այդ ռեֆորմների արդյունքում դու եւ քո թիմը կարող եք կորցնել իշխանություն: Իսկ եթե դու անում ես այդ ռեֆորմները այնպես, որպեսզի իշխանությունը կորցնելու վտանգ երբեք չլինի, այսինքն տարբեր տեսակի երաշխիքներ ես ստեղծում սեփական իշխանությունը պահպանելու համար, սրանք ուրեմն իրական ռեֆորմներ չեն եւ նվիրվածությունը ժողովրդավարական ռեֆորմներին` իրական չէ»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը նախեւառաջ ուղղված էր միջազգային հանրությանը:

«Ժողովրդավարությունը պետք է կոնկրետ դրսեւորում ունենա»,- ընդգծեց Հակոբյանը: - «Առաջին հերթին պետք է լինի օրենքի գերակայություն: Եթե օրենքի գերակայություն չկա` ժողովրդավարության մասին խոսելն անիմաստ է: Եթե օրենքի գերակայություն լիներ` չեմ կարծում, որ այսօր այսպիսի արտահոսք կլիներ Հայաստանից: Եթե մրցակցության ազատ դաշտ լիներ, չեմ կարծում, որ այսօր մեր տնտեսությունը այս վիճակին կլիներ»:

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առայժմ չեն մեկնաբանում Սերժ Սարգսյանի ելույթը:

Նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե նախագահի ելույթը ոչ թե դեկլարատիվ էր, այլ ներկայացնում էր Հայաստանի իրական կյանքը:

«Նախագահը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումները իշխանության համար այլընտրանք չունեն: Ավելին, նա խոսեց փաստերով, ասաց, որ այս երեք տարիների ընթացքում, հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը եղել է, իրականացրել ենք բազմաթիվ բարեփոխումներ: Խոսքը ե՛ւ Ընտրական օրենսգրքի բարեփոխման մասին է, ե՛ւ Քրեական օրենսգրքի, ե՛ւ Հավաքների եւ ժողովների օրենքի փոփոխության մասին է… եւ այս ամենը ուղղված է երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ավելի նոր փուլ մտցնելու համար»,- ասաց Շարմազանովը:

Հանրապետականի խոսնակն ընդգծեց, թե իր համար պակաս կարեւոր չէ, որ նախագահի ելույթին դրականորեն արձագանքեցին եվրոպացի գործընկերները` ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG