Մատչելիության հղումներ

Օբամա. «Զորքերի դուրսբերումը մենք սկսում ենք ուժի դիրքերից»


Մինչեւ 2014 թվականը Աֆղանստանում ոչ մի ամերիկացի զինվորական չի մնա: Անցած գիշեր հնչեցրած ելույթում այդ մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Նախագահի խոսքով, մինչեւ ընթացիկ տարեվերջ Աֆղանստանից դուրս կբերվի մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող: 2012-ին այդ թիվը կհասնի 23 հազարի:

«Զորքերի դուրսբերումը մենք սկսում ենք ուժի դիրքերից: Ալ-Ղաեդայի նկատմամբ ճնշումն ամենաուժգինն է սեպտեմբերի 11-ից ի վեր: Պակիստանցիների հետ միասին մենք կարողացանք վերացնել Ալ- Ղաեդայի առաջնորդների կեսից ավելիին: Մեր հատուկ ծառայութուններում աշխատող արհեստավարժ մասնագետների շնորհիվ հնարավոր եղավ ոչնչացնել Ուսամա բին Լադենին` միակ առաջնորդին, որ երբեւիցե է ունեցել էր Ալ- Ղաեդան»:

Բարաք Օբամայի խոսքով` Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո առանցքային խնդիր է դառնալու Պակիստանում ստեղծված կացությունը` որտեղ էլ հենց ապաստանել է Ալ-Ղաեդայի զինյալների մի զգալի մասը: Օբաման չի բացառում, որ անգամ վերջին պարտություններից հետո Ալ-Ղաեդան կարող է լուրջ խնդիրներ ստեղծել այս տարածաշրջանում:

«Ալ-Ղաեդան շարունակում է վտանգ պարունակել: Այլ խնդիր է, որ այն բռնել է դեպի պարտություն տանող ուղին», - համոզված է Օբաման:

Իսկ ա՞րդյոք ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աֆղանական տեղական ուժերն ի վիճակի կինեն պահպանել անվտանգությունը երկրում: Միացյալ Նահանգերի նախագահը, սակայն, բացառում է իրադարձությունների անվերահսկելի զարգացման հնարավորությունը:

«Աֆղանստանի անվտանգության ուժերի թվաքանակը հասել է 100 հազարի: Որոշ գավառներում եւ քաղաքներում մենք արդեն իսկ իշխանության ողջ պատասխանատվությունը փոխանցում ենք աֆղան ժողովրդին: Աֆղանցիները բռնությանն ու ահաբեկումների դիմակայելով կռվում եւ զոհվում են են իրենց երկրի համար` նոր ոստիկանական ուժեր ստեղծելով, բացելով նոր դպրոցներ ու շուկաներ, նոր հնարավորություններ ստեղծելով կանանց ու աղջիկների համար: Նրանք փորձում են թերթել տասնամյակներ շարունակվող պատերազմների էջը», - նշում է Օբաման:

Ի դեպ, Սպիտակ Տան ղեկավարը երեկ ունեցած ելույթում խոսեց նաեւ այն տնտեսական բացասական ազդեցության մասին, որ թողնում էր աֆղանական պատերազմը ամերիկյան տնտեսության վրա: Միայն այս տարվա ընթացքում ամերիկացիներն Աֆղանստանում ընթացող պատերազմի վրա ծախսել են շուրջ 120 միլիարդ դոլար:

«Այս վերջին տասնամյակի ընթացքում մենք տրիլիոններ ենք ծախսել պատերազմի վրա: Այժմ եկել է պահը, երբ մենք պետք է ներդրումներ կատարենք այն ամենամեծ հարստության մեջ, որին տիրապետում են Միացյալ Նահանգները` մարդկային ռեսուրսը: Բացի այդ մեր երկիրը պետք է աշխատի իր ենթակառույցները նորացնելու, ինչպես նաեւ էներգիայի նոր, ավելի մաքուր աղբյուրներ գտնելու ուղղությամբ», - հայտարարեց Օբաման:

Առաջինն Օբամայի հայտարարությանն արձագանքեց Աֆղանաստանի նախագահ Համիդ Քարզայը` դրականորեն գնահատելով ամերիկյան զորախմբի դուսբերման հեռանկարը:

«Մենք ողջունում ենք ամերիկյան ղեկավարության այս որոշումը: Մինչեւ հաջորդ տարվա ամռան ամիսներն ամերիկյան զորքերի թիվն Աֆղանստանում կնվազի 33 հազարով, ինչը լավ է թե' արեւմտյան կոալիցիայի եւ թե' Աֆղանստանի ժողովրդի համար», - հայտարարեց Քարզայը:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էլ, մեկնաբանելով Սպիտակ Տան որոշումը, այն գնահատեց որպես լուրջ հաջողություն:

«Այս որոշումը Աֆղանստանում մեր արձանագրած առաջընթացի արդյունք է: Ամերիկյան կողմն այս որոշումը կայացրել է` խորհրդակցելով դաշնակիցների հետ», - հայտարարեց Ռասմուսենը:

Նշեմ նաեւ, որ վերջին սոցհարցումները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունը` մոտ 52 տոկոսը, աջակցում է Օբամայի աֆղանական քաղաքականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG