Մատչելիության հղումներ

Օսկանյան. «Կազանի նախօրեին հայկական դիրքորոշումը պետք է հստակորեն ճշգրտվի»


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի պնդմամբ` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, «կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ», որոնցից երեքը «պետք է ինչ-որ ձեւով հերքվեն իշխանությունների կողմից»:

«Առաջին` ներկայացնել, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ ընդունում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ակնհայտորեն Հայաստանի նախորդ քսան տարիների՝ ներառյալ Սերժ Սարգսյանի երեք տարիների դիրքորոշման ոչ ճիշտ ներկայացումն է», - պնդում է Օսկանյանը նախագահի ելույթին իր արձագանքում, որը տարածել է «Սիվիլիթաս»-ը: - «Երկու տասնամյակ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպեսզի կանխորոշած չլինի բանակցային գործընթացի ելքը: Այն պահին, երբ Ադրբեջանը դուրս գա բանակցություններից կամ փորձի հարցը լուծել ուժով, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա՛ է եղել Հայաստանի Հանրապետության երեք վարչակարգերի քաղաքականությունը»:

«Երկրորդ` ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները, որոնք նախագահը ներկայացրեց որպես Մադրիդյան սկզբունքներ, իրականում հանդիսանում են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները եւ ծառայում են որպես ուղենիշ ցանկացած հակամարտության համար` ներառյալ ղարաբաղյանը», - նշում է նախկին արտգործնախարարը` հավելելով, որ Մադրիդյան սկզբունքներից առաջինը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է:

Երրորդ, ընդգծում է Օսկանյանը, «երկու ռազմական հաղթանակներից հետո հայերը հավատարիմ են բանակցային գործընթացին, որովհետեւ հավատում են, որ չկա՛ ռազմական լուծում այս հակամարտությանը, եւ ո՛չ որովհետեւ ադրբեջանական կողմն ինչ-որ առավելություններ ունի մեր նկատմամբ»:

«Կազանի նախօրեին հայկական դիրքորոշումը պետք է հստակորեն ճշգրտվի։ Այս պայքարը միշտ եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար», - իր հայտարարությունը ամփոփում է նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG