Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. «Արդյունքներ կան եւ դեռ կլինեն»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, արխիվային լուսանկար

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, արխիվային լուսանկար

Հայաստանում լարվածությունը մի փոքր նվազում է: Այդ մասին ասել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ռուսաստանյան «Մոսկովսկիե Նովոստի» պարբերականին տված հարցազրույցում:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` Տեր-Պետրոսյանը հայտարարել է. - «Կլինի ֆորմալ, բաց երկխոսություն: Կոնգրեսի եւ նախագահի նշանակած պատվիրակությունները կարող են հանդիպել եւ քննարկել բոլոր խնդիրները»:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ներկայումս ընդդիմադիր Կոնգրեսի կողմից «ձեւակերպումների մեղմացումը» «ոմանց կողմից չի ընկալվում»:
Երկխոսության պատրաստակամությունը ոմանց կողմից չի ընկալվում ...

«Երեք տարի մենք պայքարել ենք շատ առճակատային, շատ կտրուկ ձեւակերպումների մակարդակով: Ժողովրդական հոգեբանության, փողոցային պայքարի հոգեբանության վրա դա մեծ ազդեցություն ունի: Դրան սովորել էին, եւ հիմա ձեւակերպումների ցանկացած մեղմացում դիտվում է որպես դավաճանություն: Եթե մենք խիստ առճակատման մեջ էինք իշխանությունների հետ եւ հիմա որոշ հարցեր իշխանությունների հետ երկխոսությամբ լուծելու պատրաստակամություն ենք ցուցաբերում, դա ոմանց կողմից չի ընկալվում», - նշել է ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով. - «Դա մեր պարտքն է` բացատրել ժողովրդին, թե ինչի ենք մենք հասել եւ ինչի դեռ կհասնենք: Կարեւորը արդյունքներն են: Իսկ արդյունքներ կան եւ դեռ կլինեն»:

Հայաստանի իշխանությունները, ըստ ՀԱԿ-ի առաջնորդի, ստիպված գնացին զիջումների՝ տեսնելով արաբական աշխարհի իրադարձությունները, Հայաստանում ծավալվող սոցիալական ընդվզումը եւ Կոնգրեսի հանրահավաքների մարդաշատությունը:

«Այդ ամենը մենք կարողացանք համախմբել: Վերջին հանրահավաքները 100-հազարանոց էին: Եվ իշխանությունները հասկացան, որ պետք է ինչ-որ բան անել, հակառակ դեպքում կարող են ստանալ Թունիսը, Եգիպտոսը եւ այլն: Չեմ չափազանցում», - ասել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. - «Եթե նրանք կատարեցին քաղբանտարկյալների ազատ արձակման, օպերայի մոտ հանրահավաքների արտոնման եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների քննության մեր պահանջները, դա այն պատճառով չէր, որ մեզանից վախեցան: Նրանք վախեցան իրավիճակից: Ինչ-որ որոշումներ չկայացնելու դեպքում հետո ավելի վատ է լինում: Եվ նրանք ստիպված էին գնալ այս զիջումներին»:

«Իշխանությունների այս շարժումները Սարգսյանի` Ռոբերտ Քոչարյանի ստվերից դուրս գալու փորձի են նմանվում: Եթե նա դա անի, հնարավո՞ր է, որ նախագահության երկրորդ ժամկետում էլ վերընտրվի», - լրագրողի այս հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. -
Ինչպես նախկինում եմ համարել, որ Սարգսյանը ոչ լեգիտիմ է,այդպես էլ շարունակելու եմ համարել ...

«Ո'չ Սերժը, ո'չ Ռոբերտը երբեք չէին կարող նախագահ դառնալ, եթե չկեղծեին ընտրությունները... Եթե ես գնում եմ բանակցությունների, դա չի նշանակում, որ ընդունում եմ նրա լեգիտիմությունը: Ոչ մի դեպքում: Ինչպես նախկինում եմ համարել, որ նա ոչ լեգիտիմ է, ընտրություններն էլ՝ կեղծված, այդպես էլ շարունակելու եմ համարել»։

Արտահերթ ընտրությունների՝ ՀԱԿ-ի պահանջին վերաբերող հարցին ընդդիմադիր շարժման առաջնորդը պատասխանել է. - «2011 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստանից 45 հազար մարդ է հեռացել: Սրանք պաշտոնական տվյալներն են: Ի՞նչ կարող ենք ունենալ երկու տարի հետո: Խորհրդարանական ընտրություններից է մեկ տարի մնում, նախագահական ընտրություններին դեռ երկու տարի կա: Խնդիրը անհրաժեշտ է լուծել հնարավորինս շուտ: Կհաջողվի թե ոչ՝ չգիտեմ, դա ինձնից չէ կախված, ոչ էլ` Կոնգրեսից: Դա կախված է ժողովրդից: Ամեն ինչ տեղի է ունենում նրա ճնշման տակ»:

«Ես չեմ շտապում: Իրե'նք պետք է շտապեն, եթե գոնե մի քիչ մտածում են պետության եւ ժողովրդի մասին», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Երբ Ղարաբաղը դադարեց հակամարտության կողմ լինել...»


Ծավալուն հարցազրույցի` արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածում Հայաստանի առաջին նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով գործող նախագահ Սերժ Սարգսյանն «ամեն ինչ ճիշտ է արել»:
Թուրքերը չեն գնա որեւէ կարգավորման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ...

«Այդ թեման միշտ պետք է օրակարգում պահել, որովհետեւ առանց հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման, առանց սահմանների բացման Հայաստանը զարգացման հեռանկարներ չունի», - հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ ինքը շատ լավ պատկերացնում է սահմանի բացման ճանապարհային քարտեզը:

«Այժմ ալգորիթմը հետեւյալն է. հնարավոր է դա մեզ դուր չի գալիս, բայց դա փաստ է` թուրքերը չեն գնա որեւէ կարգավորման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ», - ասել է Կոնգրեսի առաջնորդը:

Միաժամանակ Լեւոն Տեր Պետրոսյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցով ցանկացած լուծում այսօր ավելի վատ է լինելու, քան 13 տարի առաջ:

«Այն ինչ հնարավոր էր անել 13 տարի առաջ, փորձում են հիմա անել, բայց հսկայական կորուստների գնով։ 1998-ին մենք մոտ էինք լուծմանը», - նշել է Լեւոն տեր Պետրոսյանը` ընդգծելով, որ այն ժամանակ առաջ քաշված կարգավորման փուլային տարբերակը գրեթե նույն ծրագիրն էր, ինչ որ այժմ դրված է սեղանին՝ Մադրիդյան սկզբունքների տեսքով:
Ղարաբաղի հարցով ցանկացած լուծում այսօր ավելի վատ է լինելու, քան 13 տարի առաջ...

«Ի՞նչ ունենք 13 տարի հետո. Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը 5 անգամ ավելի է քանի Հայաստանինը, բյուջեն 5 անգամ մեծ, ռազմական ծախսերն էլ 10-ն անգամ գերազանցում են: Բնականաբար, Ադրբեջանի պահանջներն ավելի կոշտ կլինեն։ Այժմ հասնել նրան, ինչին հնարավոր էր հասնել այն ժամանակ՝ շատ դժվար կլինի: Ցանկացած լուծում ավելի վատ է լինելու, քան այն ժամանակ: Ցավոք», - ասել է Լեւոն Տեր Պետրոսյանը:

«Երբ Ղարաբաղը դադարեց հակամարտության կողմ լինել, դա աշխարհի վերջն էր ինձ համար, եւ հայկական դիվանագիտության ամենահիմար, եթե ոչ հանցավոր սխալն էր՝ համաձայնել, որ Ղարաբաղն այլեւս բանակցային կողմ չլինի: Չէ՞ որ մենք Ղարաբաղի ինքնորոշման կողմնակից ենք, իսկ որտե՞ղ է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի, ինչպե՞ս Հայաստանը պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրի Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ, այդ դեպքում ո՞ւր մնաց ինքնորոշումը», - հարցնում է Տեր-Պետրոսյանըլ:

Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը նա համարում է «սուբյեկտիվ ցանկության շրջանակներից դուրս»: Հիշեցնելով, որ Հայաստանի երեք նախագահներն էլ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը, Կոնգրեսի առաջնորդը եզրակացնում է` «նշանակում է` կա օբյեկտիվ պատճառ»:

Տեր-Պետրոսյանի խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման ողջ քաղաքականությունը մինչ այժմ, առնվազն խոսքերի մակարդակով, հիմնված է փոխզիջման վրա։

«Ճանաչելով Լեռնային Ղարաբաղը` մենք կհրաժարվեինք այդ սկզբունքից։ Անմիջապես դադարում են բանակցությունները, անմիջապես Ադրբեջանին այլընտրանք չի մնում, քան հարցը լուծել ուժային ճանապարհով։ Այդ դեպքում, հավաստիացնում եմ, միջազգային հանրության համակրանքը կուղղվի Ադրբեջանի կողմը», - պարզաբանել է Կոնգրեսի առաջնորդը:

Հայտարարելով, որ «Ռուսաստանը պարտավոր չէ հայկական կողմին պաշտպանել», Հայաստանի առաջին նախագահը ճիշտ է համարում Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման քայլը:
Ռուսաստանը պարտավոր չէ հայկական կողմին պաշտպանել...

«Դուք մոռանում եք հոգեբանական պահը. Հայաստանում ռուսական բազան միանշանակ Թուրքիայի համար միջամտության խոչընդոտ է, անկախ նրանից, թե այդ բազան արդյո՞ք կմիջամտի Հայաստանի օգտին: Միայն բազայի գոյության փաստը Թուրքիային շատ բան է ասում։ Եթե հանկարծ Ղարաբաղում պատերազմ սկսվի, Ռուսաստանը պարտավոր չէ հայկական կողմին պաշտպանել։ Շատերը կարծում են, որ պարտավոր է, բայց դա շատ վտանգավոր մոլորություն է։ Չկա նման պարտավորություն», - ասել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG