Մատչելիության հղումներ

Քաղաքագետներն արձագանքում են նախագահի` արտահերթ ընտրություններին առնչվող հայտարարությանը


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22 հունիս

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22 հունիս

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, թեեւ կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում անշուշտ ճիշտ ասաց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը սահմանադրորեն այդքան էլ հեշտ չէ, սակայն, ըստ քաղաքագետի, դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը բացառվում է:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում ունեցած ելույթին հետեւած հարցուպատասխանի ընթացքում ասել էր, թե չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել Հայաստանում, որովհետեւ ոչ դրա անհրաժեշտությունը կա եւ ոչ էլ Հայասանի Սահմանադրությունը հնարավորություն է տալիս այդքան հեշտությամբ արտահերթ ընտրություններ անցկացնել:

«Բայց մյուս կողմից էլ արտահերթ ընտրությունները տեղին են ունենում կամ տեղի չեն ունենում` ելնելով քաղաքական իրավիճակից, համենայնդեպս Սահմանադրության մեջ չկա նման կետ, որ Հայաստանի Հանրապետությունում արգելվում են արտահերթ ընտրությունները: Դա կարելի է մեկնաբանել այնպես, որ ամեն ինչ կորոշվի քաղաքական իրավիճակով: Սերժ Սարգսյանը, համենայնդեպս, չբացառեց դա. ես դա այսպես եմ հասկանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

«Լրագիր» էլեկտրոնային պարբերականի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, այն կարծիքին է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իսկապես մտադիր չէ գնալ արտահերթ ընտրությունների եւ իր այդ կեցվածքն ավելի ամրապնդելու համար հղում է անում Սահմանադրությունը:

«Չեմ կարծում, որ կարելի բխեցնել, որ չբացառեց, կարծում եմ, որ ավելին` փորձեց նաեւ արտահերթ ընտրության չգնալը ոչ միայն սեփական կամքին կամ սեփական ցանկությանը վերագրել, այլ նաեւ հղում անել Սահմանադրությանը` դրանով ավելի ամրապնդելով, որ տեսեք` ոչ միայն մեր ցանկությունն է, այլ նաեւ Սահմանադրությունը գրեթե թույլ չի տալիս արտահերթ ընտրությունն անել», - կարծիք հայտնեց Բադալյանը:

Հարցին, թե այդ դեպքում արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգն (ընդդիմությունը ցանկանում է արտահերթ ընտրությունների թեմայով երկխոսել իշխանության հետ) այլեւս սպառված է, Մեհրաբյանը պատասխանեց. - «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք»:

Իսկ Հակոբ Բադալյանը կարծում է, որ նախագահ Սարգսյանը երկխոսության վերաբերյալ անցյալ ուրբաթ արած հայտարարության մեջ մի քանի «ոչ կոնկրետ եւ ոչ հստակ» առաջարկներ է արել` այլ հարցերի շուրջ քննարկումներ սկսելու համար:

«Առավել եւս, որ ընդդիմության առաջնորդը վերջին հանրահավաքում նշեց, որ իրենք հաշվի են առնելու նաեւ իշխանության օրակարգը եւ, ունենալով սեփականը արտահերթ ընտրության մասով, այդուհանդերձ, նկատի են ունենալու, որ իշխանությունը այլ օրակարգ կներկայացնի եւ այդ առումով, կարծում եմ, որ կշարունակեն երկուստեք երկխոսության այդ գործընթացը», - կարծում է Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանները նաեւ անդրադարձան Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարություններին` արված Կազանի վաղվա հանդիպմանն ընդառաջ: Նախագահը, հիշեցնենք, ասել էր, որ Կազան է գնում «լավատեսությամբ լցված»` ցանկանալով, որ կողմերը գան ընդհանուր հայտարարի:

«Սերժ Սարգսյանը փաստորեն կիսում է միջազգային հանրության լավատեսական սպասելիքներն այդ հանդիպումից, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Նա ընդամենը արտահայտեց այդ լավատեսությունը, նույն բանը նաեւ Իլհամ Ալիեւն է անում, նույն բանը Դովիլի հայտարարությամբ անում են միջնորդ պետությունների ղեկավարներն, եւ այդ հորդորները ինչ-որ դրսեւորումներ կունենան Կազանում, չնայած չեմ կարծում, որ այնտեղ վերջնական ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի` թեկուզ հիմնարար սկզբունքների հետ կապված», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Հակոբ Բադալյանը տարօրինակ է համարում, որ մի կողմից Հայաստանը ասում է, որ Կազանում քննարկվելիք փաստաթուղթը «իր երազած փաստաթուղթը չէ», մյուս կողմից «միանգամայն հանգիստ ձեւով» պատրաստակամություն է հայտնում ստորագրել այն, եթե Ադրբեջանը չմերժի:

«Այդ հայտարարությունները վկայում են, որ, կարծես թե, որեւէ ստորագրություն, ըստ էության, չի նախատեսվում, եւ երեւի թե Ադրբեջանը իսկապես մերժելու է: Այդ պատճառով հայկական կողմը վստահաբար հայտարարում է, թե մենք պատրաստ ենք ստորագրել [փաստաթուղթը], եթե Ադրբեջանը չմերժի: Ստորագրելը իրենից բավականին լուրջ քայլ է ներկայացնում, եւ այսպես հնթացս հազիվ թե Հայաստանը պատրաստակամություն հայտներ դա անել», - ասաց «Լրագրի» մեկնաբանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG