Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Եվրամիությունը լուրջ ակնկալիքներ ունեն Կազանի հանդիպումից


Տեսարան Կազանից

Տեսարան Կազանից

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ վաղը Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված «հնարավորություն կա, եւ նրանք [կողմերը] պետք է օգտվեն այդ հնարավորությունից` խաղաղ ճանապարհով լուծելու իրենց միջեւ տարաձայնությունները»: Չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարկ Թոները:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այդպես է պատասխանել լրագրողի հարցին, թե «այդ կարեւոր հանդիպումից առաջ կա՞ արդյոք Վաշինգտոնից կամ այս շենքից ուղերձ երկու կողմերին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, մոտեցնելու իրենց դիրքորոշումները եւ բացառելու որեւէ ռազմական [լուծման փորձ]»:

«Ես գիտեմ, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահ մյուս երկու երկրները վերջերս ակտիվացրել են կողմերին մերձեցնելու ջանքերը», - նշել է թղթակիցը:

Կազանի հանդիպման նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Հայտարարությունում, որը տեղադրված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք սպասում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողաբար կարձագանքեն մայիսի 26-ին Դովիլում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների արած հայտարարությանը, որում պարունակվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ուղղված կոչ` քաղաքական կամք ցուցաբերել եւ կազանյան գագաթնաժողովի ընթացքում ավարտել Ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը»:

«Փաստաթուղթը, որը քննարկվելու է Կազանում, կողմերի եւ համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր փուլի արդյունքն է, առաջ շարժվելու եւ համընդգրկուն Խաղաղ համաձայնագրի հետագա նախապատրաստման իրական հիմք է ներկայացնում», - ասված է հայտարարությունում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ակնկալում է, որ «այդ հիմքի վրա կողմերը կհանգեն համաձայնության` ի շահ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման»:

Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն չորեքշաբթի օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներին հաջորդած հայտարարություններում ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալու անհրաժեշտությունը:

Հերման Վան Ռոմպոյը, խոսելով Կազանում կայանալիք հանդիպման մասին, ընդգծել է Եվրամիության աջակցությունը երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Այժմ ժամանակն է հավելյալ ջանքեր գործադրելու` վերջնական համաձայնության գալու Հիմնարար սկզբունքների շուրջ: Դա թույլ կտա շուտ սկսել բանակցությունները խաղաղ համաձայնագրի շուրջ», - Եվրամիության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Հերման Վան Ռոմպոյը` հավելելով. - «Եվրամիությունը շարունակում է սատարել ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը»:

Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն, նույնպես ընդգծելով Եվրամիության աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության անհրաժեշտությունը, հույս է հայտնել, որ առաջիկա բանակցություններում կողմերին կհաջողվի առաջ շարժվել:

«Ինչպես ես ասել եմ ավելի վաղ, ստատուս քվոն տարբերակ չէ», - ամփոփել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG