Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վերջնականապես վավերացրեց 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը չորեքշաբթի օրը վավերացրեց 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետների մասին 2010 թվականի օգոստոսին կնքված համաձայնագիրը, որով ռուս զինվորականները իրավունք են ստանում Հայաստանի տարածքում մնալ մինչեւ 2044 թվականը:

Փաստաթղթի վավերացմանը նախորդած քննարկումների ժամանակ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները որոշ պարզաբանումներ են տվել` կապված Գյումրիի ռազմակայանում այս պահին տիրող կացության հետ:

Դաշնության խորհրդում կայացած լսումների ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ 102-րդ ռազմակայանը լուրջ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության ԱՊՀ-ի պետությունների հետ ռազմական համագործակցության վարչության ղեկավար գնդապետ Անդրեյ Գուսեւը հստակեցել է Գյումրիի ռազմաբազայի անձնակազմի թվաքանակը: «Այժմ 102-րդ ռազմակայանում 4 հազար 200 մարդ է ծառայում, որոնցից 500-ը քաղաքացիական մասնագետներ են », - նշել է ռուս զինվորականը:

Նրա խոսքով` Գյումրիի ռազմաբազան արդեն իսկ անցել է բրիգադային կառուցվածքի: «Դա, սակայն, չի նշանակում, որ փոփոխությունների այս փուլում ռազմակայանի անձնակազմի մարտունակության անկում է արձանագրվել», - ընդգծել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը: Ավելին, ըստ Գուսեւի, 102-րդ ռազմաբազայի զինծառայողները պատրաստ են կատարել իրենց առջեւ դրված բոլոր խնդիրները` այդ թվում նաեւ հայ - ռուսական միացյալ ռազմական խմբավորման կազմում:

Ռուսաստանցի պատգամավորները նաեւ փորձել են ճշտել Գյումրիի ռազմակայանի վերակազմավորման ընթացքում ի հայտ եկած` ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի ավելցուկի ճակատագիրը:

«Այդ ավելցուկը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` անհատույց կերպով», - հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը Դաշնության խորհրդում կայացած լսումների ժամանակ:

«Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 1995 թվականին ստորագրված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը` Պետդուման վավերացրել էր հունիսի 17-ին, իսկ Հայաստանի Ազգային ժողովը` ապրիլի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG