Մատչելիության հղումներ

Հունիսի 23-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Արդեն մոտ 20 տարի է, ինչ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումներից առաջ մեր քաղաքական գործիչները եւ մեկնաբանները սկսում են, այսպես ասած, «սուրճի բաժակի մեջ նայել»` կստորագրի-չի ստորագրի: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի վերաբերյալ միակ լուրջ փաստաթուղթը, որ ստորագրել է Հայաստանը, 1994 թվականի մայիսի զինադադարն է: Եվ այդ փաստաթղթի տակ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությանը, որ 17 տարի առաջ հաջողվել է ամրագրել հենց այս ստատուս քվոն եւ հենց այդ կազմով: Մնացածը` ինչպիսի հռչակագրեր են ընդունվել, ինչ են բանակցել, ինչ առաջարկներ են եղել` երկրորդական է: Եվ խոսակցություններն այն մասին, թե ով երբ էր ուզում «ծախել Ղարաբաղը», օդի դատարկ ցնցումներ են, որոնք թեեւ ներքաղաքական խարդավանքների տեսանկյունից բնական են, բայց իմ կարծիքով` մի տեսակ մեզ հարիր չեն, չեն համապատասխանում այդ խնդրի բարձր ինքնարժեքին»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Խոսելով խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ հասկացությունների մասին, ՀՀ նախագահն ի լուր աշխարհի հայտարարեց. «Եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ապա առավելություն կստանա Ադրբեջանը, քանի որ այն իր ժողովրդին քսան տարի պատրաստել է պատերազմի»: Անշուշտ, սա ճշմարտություն է, եւ ես, ամեն դեպքում կողմ լինելով ճշմարտության հրապարակմանը, ուրախ եմ, որ այն հնչել է երկրի առաջին դեմքի շուրթերից: Բայց ինչո՞ւ ԵԽԽՎ ամբիոնից եւ ինչո՞ւ այժմ: Երբ տարիներ շարունակ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, կերակրել են տարրական ու ամոթալի ստով, թե՝ մենք հզոր ենք, ինչպես երբեք: Թե՝ մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է: Թե՝ եթե պատերազմը վերսկսվի, Բաքուն կգրավենք ու Կասպից ծովը «կսարքենք արյան ծով»:

«Ժամանակ»-ի խմբագիրը նույն առիթով մեկնաբանում է. - «Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Կազանում Մեդվեդեւի միջնորդությամբ հերթական եռակողմ հանդիպմանը` իր, Ալիեւի եւ Մեդվեդեւի միջեւ քննարկվելու է մի փաստաթուղթ, որը Հայաստանի «երազածը չէ»… Եթե Սերժ Սարգսյանը գնում է փաստաթուղթ ստորագրելու, այն էլ մի այնպիսի փաստաթուղթ, որը «Հայաստանի երազածը չէ», ապա ո՞վ է նրան լիազորել ստորագրել այդ փաստաթուղթը: Հարցն այստեղ այն չէ, կստորագրվի՞ այն իրականում, թե՞ հայկական կողմը վստահ է, որ Ադրբեջանը մերժելու է կամ միջնորդներն ինչ-որ առումով ձախողելու են համաձայնությունը` ելնելով սեփական հակասություններից: Խնդիրն այստեղ բոլորովին այլ բանի մեջ է. ինչո՞ւ իշխանությունը հաշվետու չէ հասարակությանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում»:

«168 ժամ»-ը գրում է. - «Երկխոսության թեման մոտ մեկ ամիս ծավալվում է, բայց կարծես թե մնացել է օդում կախված եւ իր հանգրվանին չի հասնում: Կարծես թե բոլորը ցանկանում են երկխոսել, այդ մասին հայտարարություններ են անում, սակայն գործընթացներն այնպես են տարվում, որ, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում: ԲՀԿ-ին առայժմ ձեռնտու է, որ պահպանվի այս իրավիճակը, իհարկե, առանց ՀԱԿ-ի հետ երկխոսության: Չեն բացառում նաեւ, որ ԲՀԿ-ն փորձում է իր տեղը «ծանրացնել» եւ երկխոսության գնալու համար որոշակի պահանջներ ներկայացնել Սերժ Սարգսյանին: Երեկ քաղաքական շրջանակներում հավանական էին համարում նաեւ այն տարբերակը, թե երկխոսության գնալու համար ԲՀԿ-ի «չկամության» ետեւում կանգնած է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքական մեծ խաղերում անձամբ է ուղղորդում այդ կուսակցության դիրքորոշումները»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Արտահերթ ու հերթական ընտրությունների, իշխանության եւ արմատական ընդդիմության երկխոսության մասին իրարամերժ ու հակասական տեղեկատվության պայմաններում ընտրողները կարողանո՞ւմ են կողմնորոշվել»: Պատասխան. - «Բացահայտ է, որ հասարակությունը չունի արտահերթ ընտրությունների ակնկալիք եւ իր քաղաքական կողմնորոշումը ճշգրտելը շատ վաղ է համարում: Միանգամայն կանխատեսելի է, որ մինչեւ խորհրդարանական հերթական ընտրությունների շրջանը դեռ կլինեն այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են լուրջ փոփոխություններ ներմուծել ե՛ւ քաղաքական իրավիճակի, ե՛ւ ընտրողների կողմնորոշումների ու գնահատականների մեջ: Միաժամանակ պետք է նկատի առնել, որ քաղաքական ուժերը դեռ պարզ ու բացահայտ ձեւերով չեն արտահայտել իրենց դիրքորոշումները հասարակությանը հուզող խնդիրների վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG