Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի, Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի, Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր: ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողը նշել է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը Հայաստանի իշխանությունների հաստատակամության եւ այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:

Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրեւ օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:

Ստրասբուրգում Հայաստանի նախագահն այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես եւս: Ցուցահանդեսը բացվել է հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման եւ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG