Մատչելիության հղումներ

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի համոզմամբ` Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ քննարկման դրված «Ընդերքի մասին» օրենսգրքի ընդունման դեպքում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները կավելանան:

«Օրենսգրքի ընդունումից հետո ներդրումները այս ոլորտում առաջիկա տարիների ընթացքում կհասնեն 3-ից մինչեւ 4 միլիարդ դոլարի», - ներկայացնելով նախագիծը` հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով, առաջարկվում է հարկերի հավաքագրման նոր տարբերակ. - «Փորձել հարկման դաշտը տվյալ ժամանակահատվածում միջազգային բիրժաներում գործող իրացման գնի հետ կապել»:

Կառավարությունը փորձում է հավաստիացնել, թե հանքարդյունաբերության ոլորտում համարժեք հարկերի հարցն է լուծում, մյուս կողմից` նախագծում ամրագրում է, թե ընդերքօգտագործման իրավունք ստացած անձը կարող է դիմում գրել եւ նրա նկատմամբ ընդերքի շահագործման իրավունք ստանալու պահից 5 տարվա ընթացքում ընդունված նոր օրենքները չեն կիրառվի:

«Այդ դեպքում ինչպես մենք պետք է ակնկալենք հարկային մուտքերի ավելացում», - հարց բարձրացրեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ):

Այս եւ օրինագծի մի շարք դրույթների շուրջ այլ պատգամավորներ եւս հնչեցրեցին իրենց առարկություններն ու մտահոգությունները:

Օրինագիծը չի գոհացնում նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: «Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «ներառվել են ընտրովի ձեւակերպումներ». - «Միայն այն դրույթները, որոնք օգտակար են ներդրողներին»:

Նրա խոսքով, օրինագծի շատ դրույթներ կրում են դեկլարատիվ բնույթ:

Ակնկալվում է, որ վաղը օրինագիծը կդրվի քվեարկության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG