Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Նախագահը եւս մեկ քայլ կատարեց ԼՂ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22 հունիս

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22 հունիս

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Էդուարդ Շամազանովը կարծում է, որ չորեքշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը տվեց Հայաստանի թե' արտաքին, թե' ներքին կյանքին վերաբերող հարցերի ամբողջական պատասխանները: Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նախագահի ելույթը ամենեւին դեկլարատիվ բնույթ չուներ:

«Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` շարունակել ժողովրդավարական բարեփոխումները, եւ այն, որ Հայաստանը արժեքային համակարգով եվրոպական քաղաքակրթության եւ արժեքային համակարգի կրող է: Այս իմաստով սկսված բարեփոխումները պետք է իրենց շարունակությունը ստանան», - ասաց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը այս ելույթում կարեւոր է համարում նաեւ այն հանգամանքը, որ նախագահ Սարգսյանը արձագանքեց արտահերթ ընտրությունների թեմային: Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Սերժ Սարգսյանին` նշելով, թե Հայաստանում ավտորիտար ռեժիմ է, արդյո՞ք նա չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել եւ հեռանալ: Սարգսյանը ասաց, թե չի պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, դրա անհրաժեշտություն չի տեսնում:

Սերժ Սարգսյանի ելույթի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին անդրադառնալով` Շարմազանովը ասաց, թե Հայաստանի նախագահը եւս մեկ քայլ կատարեց դեպի Ղարաբաղի միջազգային ճանաչումը:

«Խոսելով Եվրախորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի հարաբերությունների մասին` նախագահը փաստորեն եւս մեկ քայլ կատարեց Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման ուղղությամբ` ասելով, որ ԵԽԽՎ-ն պետք է ուղիղ աշխատի Լեռնային Ղարաբաղի հետ, չնայած դա դեռեւս ճանաչված պետություն չէ», - ասաց Շարմազանովը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանի ելույթը հավասարակշռված համարեց եւ ասաց, թե դրան մեծ արժեք հաղորդեց նախագահի ինքնաքննադատությունը: Բայց դա, Մարտիրոսյանի գնահատմամբ, արտաքին լսարանին ուղղված ելույթ էր:

«Որպես ներքին «սպառող» պետք է նշեմ, որ սա այն հազվագյուտ ելույթներից է, երբ հստակ նշվում է, թե որքան է տարբերությունը խոսքի եւ իրականության միջեւ: Գործողությունները ցույց են տալիս, որ մինչեւ հիմա մենք բոլոր չափանիշներով այլ ուղղությամբ ենք գնում` լինի դա սոցիալական ոլորտը, տնտեսությունը` իր բոլոր ոլորտների մենաշնորհներով, լինեն դրանք էկոլոգիական խնդիրները, էլ չեմ ասում քաղաքականի մասին, որ մեզ մոտ կարծես թե փորձում են կառուցել կուսակցապետություն կոչվածը, որը որեւէ ձեւով ընդունելի չէ», - կարծիք հայտնեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` եթե Սարգսյանի այսօրվա հայտարարությունների 10-20 տոկոսը իրականություն դառնան, ապա բավական բարեփոխված իրավիճակ կունենանք:

Հայաստանի նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, խոսեց փոխզիջումների տարբերակով հարցը լուծելու մասին` առանց հարցականի տալ դնելու Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Սարգսյանը ասաց, թե Կազանի փաստաթուղթը հայկական կողմի «երազածը չէ», բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել հիմնական փաստաթղթի ձեւավորմանը: Նրա խոսքով` ինքը Կազան «լավատեսությամբ լցված է մեկնելու»:

Սակայն Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` Հայաստանում նրան չեն հասկանա. - «Ներքին լսարանը միանշանակ չի կարող հասկանալ: Փաստ է, որ Հայաստանը մինչեւ հիմա չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Ղարաբաղը մինչեւ հիմա բանակցային կողմ չէ, եւ այս ամենը, բնականաբար, որեւէ ձեւով չի նպաստում խնդրի իրական լուծմանը»:

Հայաստանյան քաղաքական մյուս ուժերը դեռ քննարկում են Սերժ Սարգսյանի ելույթը: ՀՅ Դաշնակցությունը վաղը կհնչեցնի գնահատականներ, իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առայժմ չեն մեկնաբանում այդ ելույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG