Մատչելիության հղումներ

Օգոստոսին կսկսվեն Ալավերդի քաղաքի նոր աղբավայրի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականի ավարտին:

Չորեքշաբթի օրը Ալավերդիի քաղաքապետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ կայացած հասարակական քննարկման ժամանակ ներկայացվեց աղբավայրի կառուցման ծրագիրն ու դրա արդեն ավարտին հասցված նախագիծը:

Արթուր Նալբանդյանը նշեց, որ նոր աղբավայրը Ալավերդի քաղաքին, ինչպես նաեւ հարակից գյուղական բնակավայրերին կարող է ծառայել մինչեւ 60-70 տարի: Նրա խոսքով` աղբավայրում մի շերտ աղբ կլցվի, մի շերտ հող եւ այդպես շարունակ:

Պատշաճ աղբանահությունը լուրջ խնդիր է Ալավերդիում, քանի որ այժմ այնտեղ կենցաղային աղբը իրեն սպառած, բայց դեռեւս գործող աղբավայր տեղափոխելու ճանապարհին լցվում է Դեբեդ գետը: Նալբանդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Հաղպատ գյուղի վարչական տարածքում գտնվող 30 տարվա աղբավայրը շահագործման համար այլեւս պիտանի չէ:

«Երբ անձրեւաջրերը թափվում են աղբավայրում, աղբը զուգահեռ գալիս ու գետն է թափվում», - ասաց քաղաքապետը:

Աղբավայրի կառուցման բյուջեն գոյացել է պետական բյուջեից` Ալավերդիին փոխանցվող բնապահպանական վճարներից, որոնք վճարում է Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Արմենիան քափր փրոգրամ»` ACP ընկերությունը: Կառուցման համար պահանջվում է ավելի քան 150 միլիոն դրամ, սակայն այդ գումարից դեռ 70 միլիոն պակասում է: 70 միլիոն դրամը հայթայթելու նպատակով քաղաքապետարանը դիմել է տարբեր միջազգային կազմակերպությունների, եւ քաղաքապետը հույս ունի, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG