Մատչելիության հղումներ

1982 թվականի հունիսի 21-ից աշխարհի տարբեր երկրներում անցկացվում է «Ֆետ դե լա մյուզիք» երաժշտության տոնը, որի արմատները գալիս են Ֆրանսիայից:

Տոնի նպատակը հանրության համար երաժշտությունն առավել հասանելի եւ մատչելի դարձնելն է:

Տոնին մասնակցող բոլոր արտիստներն ու երաժիշտները հրաժարվում են հոնորարներից: Հայաստանում տոնը նշվում է վերջին հինգ տարիների ընթացքում:

Այս տարի երաժշտասեր երիտասարդներին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում համերգի կազմակերպիչ Ավետիս Գասպարյանը համախմբել էր համալսարանի բակում: Որոշել էին տոնին մասնակցել միայն ֆրանսիական համալսարանի երաժիշտների ուժերով:

Միջոցառման միակ հրավիրված երգիչը 21-ամյա Սիման էր Չիկագոյից: Ազգությամբ հայ երաժիշտը խոստովանում է, որ քիչ էր տեղեկացված հայերից, իսկ այս այցի ժամանակ սխալն ուղղել է, եղել պատմական վայրերում. ճանաչել ու սիրել է Հայաստանը:

Իսկ Ֆրանսիական համալսարանի անցյալ տարվա շրջանավարտ Գեւորգ Գեւորգյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է Ջորջ կեղծանվամբ, «Ալպիական մանուշակ» ռոք խմբի կիթառահարն է: Տոնին Ջորջը մասնակցում է առանց խմբի անդամների:

Կազմակերպիչներն ընտրել են անգլիական, ֆրանսիական երգացանկի ամենահայտնի կատարումները, ինչպես նաեւ Կոմիտասի երգերից «Սարի աղջիկը», բայց՝ ռոք մշակմամբ:

«Փորձեցինք այս կերպ երգին նոր շունչ հաղորդել եւ ավելի մատչելի դարձնել այսօրվա երիտասարդների համար», - նշում է Ավետիս Գասպարյանը:
XS
SM
MD
LG