Մատչելիության հղումներ

logo-print

Ամառային արձակուրդը շատ ուսանողների համար գումար վաստակելու հնարավորություն է: Նրանք աշխատանքի անցնում են տարբեր պատճառներով:

Գայանեն անցյալ տարի իր արձակուրդն անցկացրել է աշխատավայրում: Հիմնական պատճառը յուղաներկերի ու վրձինների համար անհրաժեշտ գումար վաստակելն էր:

«Ուսանողի համար աշխատանք գտնելը մի փոքր դժվար է, որովհետեւ ցանկացած տեղ մշտական աշխատող են պահանջում. 3 ամսով, ոչ փորձառու մարդկանց աշխատում են չընդունել: Մի քանի տեղ դիմելուց հետո ես կարողացա գտնել աշխատանք. ուզում էի իմ ներկերն ու վրձինները ինքս գնել», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Գայանեն:

Լուսինեի համար ամռանը աշխատելու որոշումը եղել է ոչ թե իր ցանկությամբ, այլ՝ պարտադրված: Նա պատմեց, որ 1 տարի անվճար համակարգում սովորելուց հետո 2-րդ կուրսում փոխադրվել է վճարովի համակարգ եւ որոշել ուսման վարձի համար անհրաժեշտ գումարը կուտակել իր աշխատանքով. - «Իմ առաջին աշխատանքը մատուցողն է եղել: Զուգահեռ պայքարում էի նաեւ անվճարի համար: Ահավոր տարի էր, որովհետեւ ողջ ցերեկը աշխատում էի, գիշերային ժամերին` պարապում»:

Լուսինեն նշում է, որ իր համար բավականին դժվար էր դասերին զուգահեռ աշխատելը, բայց ընտրել է այնպիսի սրճարաններ, որտեղ աշխատանքը հերթափոխով է եղել: Բացի սրճարաններից ու թեյարաններից, նա աշխատել է նաեւ Երեւանի բարձրակարգ հյուրանոցներից մի քանիսում. - «Ընդունարանում էի աշխատում: Տուրիստները, որ գալիս էին ու խնդրում զբոսավարի ծառայություններ կամ տուրիստական գործակալության հեռախոսահամար, ես առաջարկում էի ավելի ցածր գներով որպես զբոսավար նրանց ուղեկցել տեսարժան վայրեր: Այսպես հավաքում էի ուսմանս վարձը»:

Լուսինեն ասաց, որ հիմա նույնիսկ ուրախ է, որ դուրս մնաց անվճար համակարգից, որովհետեւ այդ ընթացքը իր համար կյանքի մեծ փորձ է եղել:

Երեւանի կենտրոնում գործող սրճարաններից մեկի տնօրեն Հայկ Մանուկյանը նշեց, որ իրենց աշխատակիցներից շատերը ուսանողներ են, որոնց հետ իրենք կնքում են աշխատանքային 3-ամսյա պայմանագրեր. - «Ուսանողները իրենց կրթական մակարդակով ավելի բարձր են, քաղաքակիրթ են հաճախորդների հետ շփվելիս եւ օտար լեզուների են տիրապետում: Դիմում են ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները: Ուղղակի ավելի շատ տղաներն են մնում աշխատելու, քանի որ սրճարանը մեծ է, վազվզոցը` շատ»:
XS
SM
MD
LG