Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Լավ տրամադրությամբ եմ գնում Կազան»


«Ես լավ տրամադրությամբ եւ կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով եմ գնում Կազան», - չորեքշաբթի օրը Ստրասբուրգում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Բավական երկար բանակցային պրոցես ենք անցել, շատ հարցեր ենք քննարկել, կողմերի դիրքորոշումները հստակ են: Եվ կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի կողմերը իրենց վերջնական, այսպես, կարծիքը ասեն Հիմնարար սկզբունքների մասին: Թե ինչպես կավարտվեն բանակցությունները` կտեսնենք», - ասաց Հայաստանի նախագահը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:

Ավելի ուշ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից հետո պատասխանելով Վեհաժողովի պատվիրակների հարցերին` Սերժ Սարգսյանը հայտարարեց. - «Ես Կազան եմ մեկնելու լավատեսությամբ լցված եւ ցանկանալու եմ իրոք, որ մենք գանք ընդհանուր հայտարարի, որովհետեւ ե'ւ Հայաստանը, ե'ւ Լեռնային Ղարաբաղը խորապես շահագրգռված են խնդրի հնարավորինս արագ լուծմամբ: Արդար եւ տեւական խաղաղություն հաստատելու կարիք ունենք մենք»:

Կազանում քննարկվելիք փաստաթուղթը, նրա խոսքերով, «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չի», բայց «հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը, պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին»:

«Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցման, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չկա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

Հունիսի 24-ին Կազանում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG