Մատչելիության հղումներ

logo-print
«Երկիր» օրաթերթի դեմ դատական հայց ներկայացրած` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադիր է Վերաքննիչ դատարանում բողոքարկել ամսվա սկզբին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Արզաքանցյանի հայցը մասնակի էր բավարարվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Հունվարին լույս տեսած համարներից մեկում «Երկիր»-ը Արզաքանցյանի մասին գրել էր` «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», նաեւ` թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան բերում-տանում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի», եւ այլն:

Դատարանը գտել էր, որ վիճահարույց հոդվածում օգտագործված որակումներից միայն «լակոտ» բառն է վիրավորական: Դատարանը վճռել էր «Երկիր խմբագրություն» ընկերությունից հօգուտ Տիգրան Արզաքանցյանի բռնագանձել 200 հազար դրամ (շուրջ 540 դոլար)` որպես հայցվորին պատճառված վնասի փոխհատուցում, եւս 88 հազար դրամ` փաստաբանական ծառայությունների եւ դատական ծախսերի համար:

Պատգամավորը, մինչդեռ, պահանջում էր իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում իրեն վճարել 3 միլիոն դրամ, եւս 500 հազար դրամ` փաստաբանական ծախսերը մարելու համար:

Երեքշաբթի օրը խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցին` երբ գումարը վերցնի, ի՞նչ է անելու, Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց. - «Սոցիալական ոլորտ ենք ուղարկում»:

«Ստեղ հարցը փողը չի: Իրենք թող աշխատեն, իրենց աշխատանքը ճիշտ կատարեն, ոչ թե սուտ լուրեր թողարկեն, մարդկանց շփոթության ենթարկեն», - ասաց պատգամավորը:

«Եթե փողը չէր, մի դրամ պահանջեիք, ինչո՞ւ այդքան գումար պահանջեցիք», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Արզաքանցյանը արձագանքեց. - «Ես դիմելու եմ Վերաքննիչ դատարան, ինձ չի բավարարում: Ես իրենց հետ պատրաստ եմ ավելի դրամական տույժ ստանամ: Որովհետեւ ամեն մեկ մարդ իրա պատիժը պետք է ստանա` կարամ ասեմ տենց»:

«Այսինքն, դուք գտնում եք, որ փողով պիտի ստանան», - այս հարցադրմանը նա պատասխանեց. - «Իրանց ուրիշ ձեւ չեմ կարա ես»:

Իսկ թե ինչ բառերից է հատկապես վիրավորվել` Տիգրան Արզաքանցյանը ասաց. - «Ստիլյագ» չէ, «ստիլյագ» բառերի համար... Էդ իրանք են ոճ գտել դրա համար: «Աղջիկներ է բերեն-տանըմ»` էս ի՞նչ ա, խանդի հող ունե՞ք, չհասկացա, խանդո՞ւմ եք: Ես, նախ, ընտանիք ունեմ, բազմազավակ ընտանիք ունեմ, ունեմ հարգող շրջապատ, ընդունող... Մարդկանց թյուրիմացության մեջ են ենթարկում: Ես կարող ա՞ խոսում եմ` էդ խմբագրի, կամ էդ կուսակցության տերերը ինչո՞վ են զբաղվում աշխատանքից հետո»:

Չնայած այն հանգամանքին, որ պատգամավորը այս գումարման Ազգային ժողովի հատուկենտ նիստերի է միայն մասնակցել, նա վերստին ասաց, որ իր թեկնածությունը մեծամասնական ընտրակագրով առաջադրելու է նաեւ հաջորդ ընտրություններում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG