Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը քննադատում է Վրաց պատրիարքի պահվածքը


Իլյա Երկրորդը ողջունում է Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանին: 10-հունիսի, 2011 թ. 20.06.2011
Իլյա Երկրորդը ողջունում է Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանին: 10-հունիսի, 2011 թ. 20.06.2011
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «ոչ պատշաճ» է համարում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հասցեին Վրաց պատրիարքի արած հայտարարությունը:

Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք 78-ամյա Իլիա երկրորդը Թբիլիսիում կիրակնօրյա պատարագի ժամանակ ասել էր, թե 59-ամյա Հայոց կաթողիկոսը «շտապողականություն է ցուցաբերում իր փորձի պակասի պատճառով»:

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում այս առնչությամբ հայտարարեց. - «Պատշաճ չէ եկեղեցու պետերի հարաբերությունների ընդհանուր էթիկայի տրամաբանության մեջ նման հայտարարության կատարումը»:

Իլյա երկրորդն իր այս հայտարարությունն արել էր Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած 6-օրյա այցելությունից հետո, որի ընթացքում հարեւան երկրների հոգեւոր առաջնորդների միջեւ բանակցություններ էին տեղի ունենում երկու եկեղեցիների` միմյանց նկատմամբ ունեցած պահանջների շուրջ:

Հայկական կողմը պահանջում է իրավաբանական անձի կարգավիճակ տալ հայկական եկեղեցուն Վրաստանում, վերադարձնել չգործող 6 եկեղեցիներն ու միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար:

Վրացական կողմը իր հերթին բարձրացրել էր Հայաստանում գտնվող քաղկեդոնական եկեղեցիների պատկանելության հարցը: Խոսքը վերաբերում է Լոռու մարզում գտնվող Ախթալայի, Քոբայրի, Հնեվանքի, Խուճապի վանքերին եւ Տավուշի մարզում գտնվող Կիրանցի վանքին, որոնք, նրանց պնդմամբ, վրացական են:

Հայոց եկեղեցու միաբանները Վրաստան կատարած 6-օրյա այցի ընթացքում Վրաց եկեղեցուց լավ տպավորություն չեն ստացել: Մայր Աթոռի դիվանապետի կարծիքով Վրաց եկեղեցում «անհանդուրժողականություն» եւ «ծայրահեղականության դրսեւորում» կա:

Մայր աթոռի դիվանապետն ասում է որ Հայաստանում առկա 5 եկեղեցիների պահանջով վրաց եկեղեցին պարզապես փորձում է հակադարձել Հայաստանի հայկական եկեղեցիների պահանջին:

Հայաստանի -- Բարձրաստիճան հայ հոգեւորականների ասուլիսը Մայր Աթոռում, Էջմիածին, 21-ը հունիսի, 2011թ.
«Շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ առաջնորդված փոխադարձության սկզբունքով են հարցադրումները կատարվում», - դժգոհեց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Այդուհանդերձ, Մայր աթոռի դիվանապետը լավատես է հայ եւ վրաց եկեղեցիների հետագա համագործակցության եւ բարձրացված խնդիրների լուծման հարցում` հույս հայտնելով, որ Վրաց եկեղեցին կհաղթահարի իր նախապաշարումները:

Այսօր Վրաստանում, որտեղ ապրում է մոտ 250 հազար հայ, կա 30 գործող հայկական եկեղեցի, իսկ Հայաստանում` Երեւանում, գործում է մեկ վրացական եկեղեցի: Հայաստանում ապրող վրացիների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG