Մատչելիության հղումներ

ՀԿ-ները քննադատում են աղբահանության մասին օրինագիծը


Հինգ տասնյակ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով հորդորում են Ազգային ժողովին չընդունել երեքշաբթի օրը արտահերթ նիստում քննարկված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագիծը առաջարկվող տեսքով: Նրանք առաջարկում են հանրային լսումներ կազմակերպել:

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի խորհրդի անդամ Արմինե Թուխիկյանի խոսքով` օրենքում որեւէ սահմանում չկա, թե ինչ կարգով է հեռացվելու աղբը, վերամշակվելու է արդյո՞ք, կամ ինչ պարտականություններ ունեն վարչական շրջանները եւ համատիրությունները:

«Օրենքը հիմնականում վարձերը հավաքելու եւ ինչ-որ մի օպերատորի իրավունքների պաշտպանության մասին է, այստեղ չեն պահպանվել սպառողների շահերը, մարդու իրավունքները, բայց որ ավելի սարսափելի է` այս օրենքի նախագծում բնապահպանության մասին որեւէ խոսք չկա», - ասաց Թուխիկյանը:

Հիմնադրամի փորձագետ Մայիս Վանոյանի կարծիքով` նախագծի հիմնական թերություններից մեկն այն է, որ չկա որեւէ ռազմավարություն, թե, օրինակ, 10 տարի հետո ինչպես է լուծվելու աղբահանության եւ վերամշակման հարցը:

Դեռ անցած սեպտեմբերին ԱԺ-ը հետ վերադարձրեց այս օրինագիծը վերանայման համար, քանի որ հասարակական ակտիվիստները եւ պատգամավորները մի շարք թերություններ էին արձանագրել:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով այսօր խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացնում էր օրինագիծը, հայտարարեց, որ հասարակական կառույցների համար օրինագիծը անակնկալ չէ եւ նրանց հնարավորություն տրվել է ծանոթանալ դրան:

Այս նախագծով աղբահանության ծախսերը կատարվելու են համայնքային բյուջեից եւ բնակիչների վարձավճարներից: Մայիս Վանոյանը սա անհաջող ձեւակերպում է համարում:

«Հարկատուի հաշվին աղբահանությունը ֆինանսավորվում է, դեռ մի բան էլ հարկատուից վարձավճար են պահանջում», - ասում է Վանոյանը:

Այժմ մեկ անձը աղբահանության համար վճարում է ամսական 200 դրամ: Նոր նախագծով վարձավճարի առավելագույն գումար է սահմանվում 400 դրամը, բայց համայնքի ավագանին է որոշում, թե կոնկրետ այս սահմանում որքան գանձի բնակիչներից` հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը եւ այլն:

please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG