Մատչելիության հղումներ

Իշխանությունը «սպասում է ՀԱԿ-ի արձագանքին»


ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակի հայտարարությամբ` իշխանությունը սպասում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արձագանքին. վերջինս պետք է որոշի, թե ինչպես են տեսնում իշխանությունների հետ երկխոսության ընթացը:

Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը հավելեց, թե «նախագահն իր քայլերի հաջորդականության տրամաբանությունը արդեն իսկ բարձրաձայնել է». - «Կոնգրեսի մեր գործընկերները պետք է որոշում կայացնեն: Քանի որ նրանք դեռեւս որեւէ որոշում չեն կայացրել, որեւէ պաշտոնական արձագանք չեն տվել, մենք այլ բան ասել չենք կարող»:

Անցած ուրբաթ, հիշեցնենք, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսության թեմային, ասել էր. - «Եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում եւ ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ»:

«Իշխանությունները պատրաստ են ցանկացած քննարկման», - հայտարարել էր Հայաստանի նախագահը:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կոալիցիոն կուսակցությունների հետ քննարկել էր նաեւ կոալիցիայի ֆորմատով ՀԱԿ-ի հետ բանակցելու հարցը, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Նախագահը իր հայտարարության մեջ ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կարծիքը երկխոսության վերաբերյալ»:

Կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր»-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է նախագահի նկարագրած ձեւաչափով բանակցել Կոնգրեսի հետ:

Կոալիցիոն մյուս կուսակցության` «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Վարդան Բոստանջյանը երեկ «Լրագիր» էլեկտրոնային պարբերականին ասել էր, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության հարցը, ամենայն հավանականությամբ, քննարկելու են այսօր: Այդուհանդերձ, այսօր կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորներից որեւէ մեկը նման քննարկման մասին տեղյակ չէր:

Իրեն խորհրդարանական ընդդիմություն համարող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. - «Երկխոսությունը շատ նեղացվեց ՀԱԿ - իշխանություն ձեւաչափով, այնինչ ես կարծում եմ, որ իշխանությունները նախ եւ առաջ պիտի այդ երկխոսությունը սկսեն սեփական ժողովրդի հետ եւ այդ ժողովուրդը ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ»:

«Ժառանգություն» խմբակցության կարծիքը հնչեցրեց Ստյոպա Սաֆարյանը. - «Երկու կողմը փաստորեն իրեն բավարար PR արեց: Աչքի զարնեց այն փաստը, երբ ՀԱԿ-ը փորձեց ներկայացնել տեղի ունեցածը որպես իր հաղթանակ, իր ճնշումների տակ կատարված քայլեր, թույլ տրվեց, որպեսզի Հայ ազգային կոնգրեսը ինքը իրեն գովազդի: Եվ հիմա Հայ ազգային կոնգրեսն է թույլ տալիս, որպեսզի իշխանությունը Ստրասբուրգում ինքը իրեն գովազդի` այդ ընթացքում չարձագանքելով եւ չփչացնելով Սերժ Սարգսյանի ելույթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG