Մատչելիության հղումներ

ԱԺ-ը քննարկում է զինծառայությունից խուսափած անձանց վերաբերող օրենքի փոփոխությունները


Ազգային ժողովը երեքշաբթի կայացած արտահերթ նիստում քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որը խորհրդարան է ներկայացրել կառավարությունը:

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը եւ 2010 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն որպես վերջնաժամկետ ամրագրել 2011 թվականի մայիսի 1-ը: Նախագծի հիմնավորման տեքստում նշված է, որ այսպիսով եւս մեկ անգամ` այս դեպքում մինչեւ մայիսի 1-ը 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ստանում վերադառնալ Հայաստան եւ համապատասխան վճարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից: Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Քրեական հետապնդման պատճառով նրանց մեծ մասը խուսափում է Հայաստան վերադառնալուց: Մենք փորձում ենք մեղմացնել այդ խնդիրը ֆինանսական համապատասխան վճարների միջոցով», - ասաց Սփյուռքի նախարարը:

Հայկական բանակում չծառայած եւ 27 տարին լրացած Հայաստանի մոտ 1000 քաղաքացիներ, անցյալ տարի վերադառնալով Հայաստան, Պաշտպանության նախարարության հաշվեհամարին փոխանցել են 870 միլիոն դրամ: Կառավարության հաշվարկով` այս նախագիծն ընդունելու եւ օրենքի գործողության ժամկետը երկարացնելու հետեւանքով պետությունը մինչեւ մայիսի 1-ը կստանա ավելի քան 400 միլիոն դրամ:

«Եթե մենք չդիմենք այս քայլին, դա չի նշանակում, որ մենք կկարողանանք ավելի հեշտացնել խնդիրը, որովհետեւ սրանով մենք փակում ենք այն երիտասարդների ճանապարհը, որոնք որեւէ առիթով կորոշեն վերադառնալ Հայաստան», - ասաց Սփյուռքի նախարարը:

Ազգային ժողովի Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ասաց, թե հանձնաժողովը ստացել է դիմումներ օրենքի գործողության ժամկետի երկարաձգման խնդրանքով:

«Կարծում եմ, որ բազմաթիվ հայերի նորից հնարավորություն կտրվի հայրենիք վերադառնալու», - ասաց Կարապետյանը:

Նա հատուկ կարեւորությամբ ընդգծեց նաեւ ֆինանսական մուտքերի հնարավորությունը. - «Բոլոր այն գումարները, որոնք մուծում են հատուկ հաշվեհամարին, ռազմատեխնիկական նպատակով են օգտագործվում, եւ ավելորդ է նշել, թե ինչքան կարեւոր է, առավել եւս այսօր, մեզ համար այս ֆինանսական մասը», -ասաց Կարապետյանը` կարծիք հայտնելով, որ հետագայում եւս անհրաժեշտություն կառաջանա անդրադառնալ օրենքի երկարաձգմանը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը գործում է 2004 թվականի մարտից: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ կառավարության առաջարկը քվեարկության կդրվի քվորումի պարագայում, ամենայն հավանականությամբ, վաղը` ԱԺ նիստի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG