Մատչելիության հղումներ

2011-ի ամառային նորաձեւությունը թելադրում է վառ գույներ, մեծ դաջվածքով կտորներ ու ծաղիկներ:

Ամռան գույների թագուհին այս տարի սպիտակն է` ամբողջովին սպիտակ կերպարը լրացված վառ երանգների աքսեսուարներով ու զարդերով:

«Ամառային նորաձեւության ներկապնակը, սակայն, սահամանափակումներ չունի, նորաձեւ են բոլոր գույների վառ երանգները»,- ասում է «Հարմոնի» նորաձևության տան գեղարվեստական ղեկավար Միքայել Դանիելյանը:

Դարսեր, փոռեր, մի քանի շերտանի եւ երկար կիսաշրջազգեստներ, ժանյակներ. ինչպես նախորդ տարի այս տարի էլ 70-ականների ոճը պահպանել է իր դիրքն ու համարվում է ամենանորաձեւը ամառային հագուստի հավաքածուներում:

«Ամառվա տապին կարճ տաբատներ նախընտրողներն էլ նորաձեւության այս տարվա պահանջներին համապատասխան կլինեն, միայն թե պետք է ուշադիր լինել, թե ինչպիսի միջավայրում ու օրվա որ ժամին են դրանք կրում»,- հուշում է դիզայները:

Ծովափնյա հանգստի շտապողներն այս ամառ կարող են ծղոտե լայնեզր գլախարկների փոխարեն նախապատվությունը տալ գունավոր ու լայն շարֆեր գլխին կապելուն: Ծովափերին այս ամառ նորաձեւ է արևելյան ոճը: Իսկ լողազգեստներ ընտրելիս Միքայել Դանելյանը խորհուրդ է տալիս օգտվել նորաձեւության ոսկե կանոնից` հագուստը միջոց է թաքցնելու թերություններն ու ընդգծելու գեղեցկությունը: Նա խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի լողազգեստ, որը համապատասխանում է կազմվածքին: Ի դեպ` ծղոտն արդիական չէ ամառային գլխարկներում, սակայն գերակշռում է ամառային կոշիկներում:

Ասքեսուարների ու զարդերի սիրահարները նախապատվությունը պետք է տան խոշոր, բնական մեծ քարերով զարդերին:

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ արևից թխացած մաշկը համարվում էր խնամված ու նորաձև, այս տարի մաշկի արհեստական մգացումը դիրքը զիջում է ավելի բնական տեսքին: Որքան բնական` այնքան նորաձեւ, այս է թելադրում 2011ամառային նորաձեւությունը:

Իսկ նորաձեւության միտումներին հետեւող տղաներին Միքայել Դանիելյանը խորհուրդ տվեց դուրս գալ աշնանային ու ձմեռային կտորների տաբատներից ու նախապատվություն տալ ամռանն ավելի նախընտրելի գործվածք համարվող վուշին կամ բարակ ջինսե կտորներին:
XS
SM
MD
LG