Մատչելիության հղումներ

Չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը երեկ բոյկոտեց Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, ենթահանձնաժողովը երեկ նիստ է գումարել, որին մասնակցել են նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողները:

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Խուգլա ի Կոստան այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հույս հայտնեց, որ հայկական պատվիրակությունը կփոխի իր որոշումը եւ կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին:

«Ես համբերատար մարդ եմ, ունեմ մեկ տարվա մանդատ, եւ հույս ունեմ, որ հայկական պատվիրակությունը ապագայում կմասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան:

Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ հայաստանյան պատվիրակության միակողմանի որոշումը չի կարող խաթարել ԵԽԽՎ-ի Բյուրոյի որոշումը, չի կարող խանգարել ենթահանձնաժողովի աշխատանքներին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել ենթահանձնաժողովի երեկվա նիստում, Խուգլա ի Կոստան ասաց, թե ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հիմնական էլեմենտներին չեն անդրադարձել, ուղղակի քննարկել են ենթահանձնաժողովի կառուցվածքը:

Նա հավելեց, որ հնչել են հետաքրքիր առաջարկներ. մասնավորապես` Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը առաջարկել է լսումներ անցկացնել Ղարաբաղի տարբեր ազգություն ունեցող բնակիչների մասնակցությամբ:

«Կարծում եմ, որ սա շատ լավ գաղափար է, բայց մենք այն չենք ընդգրկել օրակարգում: Այս հարցով քննարկումները կարող են հնարավոր դառնալ, եթե երկու պատվիրակությունները գան համաձայնության եւ հայկական պատվիրակությունը մասնակցի ենթահանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Խուգլա ի Կոստան: - «Առանց հայկական պատվիրակության անհնար է քննարկել կարեւորագույն հարցեր, եւ ես կոչ եմ անում նրանց, վերանայել իրենց որոշումը»:

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով որեւէ որոշում կայացնի, դա կլինի բոլոր այն մոտեցումների խախտում, որով պետք է կարգավորվեն կոնֆլիկտները։

«Դա կնշանակի, որ մեր բոլոր մտահոգությունները արդարացվում են, որ պարոն Չավուշօղլուն ամեն ինչ անում է, որպեսզի իր նախագահության օրոք ստանա որոշակի բանաձեւեր, որով կարողանա ազդել այսօրվա գործընթացների վրա», – նշեց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ եթե ենթահանձնաժողովը Ղարաբաղի հարցով ընդունի որեւէ բանաձեւ, իրենք կհայտարարեն, որ այդ բանաձեւի քննարկմանը Հայաստանն ու Ղարաբաղը չեն մասնակցել, հետեւաբար հայկական կողմը որեւէ պարտավորություն չի պատրաստվում իրականացնել:

Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի հայկական կողմին ներգրավեն այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ։

«Իրենց նպատակն է մինչեւ 2011-ի ավարտը ներկայացնել բանաձեւի նախագիծ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Չավուշօղլուն ուզում է հեռանալիս թողնել այդ այլանդակ հակահայ բանաձեւը», – կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG