Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը խստացրեց Լուկաշենկոյի վարչակազմի դեմ պատժամիջոցները


Բելառուսի առաջին միլիարդատեր Վլադիմիր Պեֆտիեւը, հունիսի, 2011թ.

Բելառուսի առաջին միլիարդատեր Վլադիմիր Պեֆտիեւը, հունիսի, 2011թ.

Երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները որոշել են պատժամիջոցների «սեւ ցուցակում» ներառել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող եւս 4 պաշտոնյաների եւ բելառուսական մի շարք ընկերություններ, որոնք հանդիսանում են Լուկաշենկոյի վարչակազմի ֆինանսավորման աղբյուրները:

Մասնավորապես, արգելվում է Եվրամիության տարածք այդ պաշտոնյաների մուտքը եւ սառեցվում են մի շարք ֆիրմաների բանկային ակտիվները:

Հատկապես տնտեսական պատժամիջոցների գործադրմամբ պաշտոնական Բրյուսելը փորձում է ուժեղացնել ֆինանսական ճնշումը Մինսկի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի քաղաքական ընդդիմախոսների դեմ հալածանքները:

Այս պատժամիջոցները, առաջին հերթին, ուղղված են նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վլադիմիր Պեֆտիեւի եւ նրան պատկանող երեք ընկերությունների` զենքի առեւտրով զբաղվող «Բելտեխէկսպորտա» ընկերության, «Բելտելեկոմ» կապի օպերատորի եւ մարկետինգային «Սպորտ-Պարի» ընկերության դեմ:

54-ամյա Պեֆտիեւը համարվում է Բելառուսի ամենահարուստ մարդը. Forbes-ի տվյալներով` նրա ունեցվածքը գնահատվում է մեկ միլիարդ դոլար:

«Ի պատասխան երկրում իրավիճակի վատացման` մենք որոշեցինք էմբարգո կիրառել զենքի առեւտրի նկատմամբ եւ առաջին անգամ հարվածել ռեժիմի հետ կապված բիզնեսին», - արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը` հավելելով. - «Մենք ցանկանում ենք ականատես լինել բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակմանն ու արդարացմանը եւ խստորեն դատապարտում ենք Բելառուսում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների եւ ընդդիմության դեմ շարունակվող ճնշումները»:

Անցած տարվա դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններից հետո Մինսկում իրավապահները ուժով ճնշեցին ու ցրեցին ընդդիմության բազմահազարանոց բողոքի ակցիաները, կազմակերպիչներն էլ ձերբակալվեցին: Նրանց թվում կային նախագահի թեկնածուներ, որոնք ազատազրկման են դատապարտված:

Հունվարին Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա շուրջ 190 մերձավորների նկատմամբ` սահմանափակելով Եվրամիության երկրներ նրանց մուտքն ու սառեցնելով արտասահմանյան բանկերում այդ անձանց հաշիվները:

BBC-ի փոխանցմամբ` Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Twitter-ի իր բլոգում գրել է. - «Լուկաշենկոն պետք է ընտրի. կա'մ` ժողովրդավարությունը, կա'մ` Հաագայի դատարանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG