Մատչելիության հղումներ

Հունիսի 21-ի մամուլ


«Երկիր» օրաթերթի խմբագրականն անդրադառնում է ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարություններին. - «Չավուշօղլուի ինքնագործունեությունը դառնում է անսանձելի: Լինելով ԵԽԽՎ-ի նախագահ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսում է տիպիկ թուրք պաշտոնյայի նախապայմանային լեքսիկոնով: Նա ոչ միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում թուրքական նախապայմանների մասին արդեն խոսում է բացահայտ, այլեւ փորձում է կարծիք ստեղծել, թե դրանք նախապես համաձայնեցվել են հայկական կողմի հետ: Որքան էլ աչք ծակի Չավուշօղլուի անլրջությունը, փաստ է, որ նա օրինականացնում է նախապայմանները: Եվ քանի որ Երեւանը չի դիմում արձանագրություններից ստորագրության ետկանչման միջոցով այս էքսպանսիան չեզոքացնելուն, չավուշօղլուների խեղաթյուրումներն աստիճանաբար միջազգային հանրության համար դառնում են ընկալելի եւ իրականությունն արտացոլող»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տարակուսում է Կազանի հանդիպումից առաջ Հայաստանում եղած լռությունից. - «Բոլորը ձեւացնում են, թե ոչնչից տեղյակ չեն: Ինչ մադրիդյան սկզբունքներ, ինչ բան, «խաբար չեն» ու վերջ: Այսինքն` տեղյակ չեն, որ փաստաթղթով նախատեսված է հայկական զորքերի դուրսբերում «օկուպացված» յոթ շրջաններից, եւ Հայաստանն էլ, ի դեմս Սերժ Սարգսյանի եւ Էդուարդ Նալբանդյանի, պաշտոնապես հավանություն է տվել այդ փաստաթղթին: Հասկացա՞ք: Հայաստանի իշխանություններն ասում են` այո, մենք համաձայն ենք զորքերը դուրս բերել յոթ շրջաններից, բայց եթե հաջորդ փուլերում Ղարաբաղը չմասնակցի բանակցություններին, գործը գլուխ չի գա: Երեւի կամ ինտերնետը լավ չի աշխատում, կամ թերթերն են ուշ տեղ հասնում, բայց փաստն այն է, որ առայժմ միայն մի ոչ շատ բարձրաստիճան պաշտոնյա է խոսել մադրիդյան սկզբունքների մասին` հայտարարելով, թե դրանք ընդունելի չեն Ղարաբաղի համար: Իհարկե ընդունելի չեն, բայց հարց է ծագում` Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը չգիտեի՞ն այդ մասին: Իսկ եթե գիտեին` ինչո՞ւ էին պաշտոնապես ընդունում այդ սկզբունքները»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրն անդրադառնում է ներքաղաքական ամենաակտիվ թեմային` երկխոսությանը. - «Ընդդիմության համար երկխոսությունը ներքաղաքական օրակարգի ամենահրատապ հարցերին լուծում տալու միջոց է: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները իրենց ելույթներում հստակ ընդգծել են, որ ներքաղաքական պրոցեսների հետմարտիմեկյան տրամաբանությունը տանում է եգիպտական եւ թունիսական սցենարների: Ընդդիմությունը իշխանությանը երկխոսություն առաջարկելով, ըստ էության նրան կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը եւ, եւ այն խնդիրը, որը, այսպես թե այնպես, ուշադրություն դարձնեք` այսպես թե այնպես լուծվելու է, լուծել ոչ թե թունիսական կամ եգիպտական կամ ղրղըզական տարբերակով, այլ երկխոսության միջոցով համաձայնության գալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետների շուրջ: Իշխանությանը, հասկանալիորեն, նման առաջարկը ոչ ձեռնտու է թվում, իր համար ոչ արժանապատիվ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երկխոսության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ՀԱԿ-ի ու մերձավոր շրջանակի արձագանքը յուրօրինակ վկայությունն է այդ ուժի ղեկավար կազմում տիրող շփոթահար ու տարտամ կացության։ Ավելին՝ նկատելի է, որ չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, ՀԱԿ-ն իրականում պատրաստ չէ քաղաքական երկխոսության։ Հասկանալի է, անպատրաստ է նաեւ քաղաքական երկխոսության պայմաններում իրատեսական խնդիրներ ձեւակերպելուն եւ համակողմանի քննարկումների միջոցով դրանց փոխընդունելի լուծումներ նախանշելուն։ Եթե պատրաստ լինեին, ապա նախագահի հայտարարությունից, որին իբր այդքան սպասում էին, առնվազն անակնկալի չէին գա ու հերթական անգամ չէին ձեւացնի, թե «լավ չհասկացան»։ Հասկանալի է, որ նման շփոթմունքի մեջ հայտնված Կոնգրեսի առանցքային դեմքերը չէին կարող այլ բան մտածել, քան նախորդ շրջանում որդեգրած ապակառուցողական մոտեցումը միառժամանակ շարունակելն է»։

«Կապիտալ» թերթը գրում է. - «Մինչեւ ճգնաժամը Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսությունը բնութագրել էր իբրև «կովկասյան վագր». բանկն այն երկրների տնտեսությունները, որոնք 10 տարի անընդմեջ արձանագրել են երկնիշ տնտեսական աճ, անվանել է «վագրային»։ Այս տարի Հայաստանի տնտեսությունն ակտիվանում է ու, կարծես, պատրաստվում է վագրային թռիչքի։ Մայիսին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 109,9%»։
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG