Մատչելիության հղումներ

logo-print
Դեռ մեկ տարի առաջ System Of A Down-ի երկրպագուներից քչերը կենթադրեին, որ 2006 թվականին համատեղ աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարած խումբը մի օր նորից կմիավորվի:

Երգիչ Սերժ Թանկյանն ու իր երեք ընկերները` կիթառահար Տարոն Մալաքյանը, բաս-կիթառահար Շավո Օդաջյանն ու հարվածող Ջոն Դոլմայանն այս ընթացքում անձնական պրոյեկտներ են մշակել:

Բայց այսօր, ի ուրախություն հազարավոր ֆաների, չորս հայ երաժիշտները միասին են: Խմբի կայքէջում շաբաթներ առաջ տեղադրվել է երկրպագուներին հասցեագրված այսպիսի ծանուցում. - «System Of A Down-ը այս տարի հանդես կգա մի քանի ելույթով: Մենք այդ համերգներին միասին ենք մասնակցում, որովհետեւ դա ձեր ցանկությունն էր»:

System Of A Down-ը քաղաքական սուր հարցադրումների խումբ է։ Մեծ թվով երգեր պատերազմի ավերների, անարդարության եւ բռնության մասին են, դե իսկ հայ ունկնդիրն էլ գիտի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում խմբի կատարած մեծ աշխատանքի մասին:

2005 թվականին համերգի ընթացքում Տարոն Մալաքյանը, դիմելով դահլիճին, System Of A Down-ի մասին ասել է. - «Այս խումբը աշխարհը չի փոխում, այս խումբը ձեր մտածելակերպը չի փոխում, այս խումբը ընդամենը ձեզ ստիպում է մտորել, հարցեր տալ»:

Հենց այսօր մեր հայրենակիցներից շատերը ցանկության դեպքում կարող են վայելել կալիֆորնիական քառյակի համերգը: Ավաղ, խոսքը ոչ թե Երեւանի, այլ հայաշատ Մոսկվայի մասին է: Շոուն տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքի Օլիմպիական համալիրում:

Բայց չմոռանանք Սերժ Թանկյանի անցյալ տարվա երեւանյան համերգի մասին` ո՞վ գիտի, գուցե օրերից մի օր նրանք չորսով ելույթ կունենան նաեւ Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG