Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 9.9 տոկոսով


Armenia -- Mining, undated
Armenia -- Mining, undated

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է նախորդ ամսվա տնտեսական ցուցանիշները:

Ըստ այդմ` այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը հանրապետությունում աճել է 9.9 տոկոսով: Այս տարվա ընթացքում սա տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է:

Տնտեսության ճյուղերից ամենաշատն աճել է արդյունաբերությունը` նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշները գերազանցելով 25.1 տոկոսով:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրան Ասատրյանը տնտեսության ակտիվացման ցուցանիշը կապեց հանքահումքային արդյունաբերության արտադրանքի միջազգային բարձր գների հետ:

«Վերջին երկու ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աշխուժացման հիմնական պատճառը արդյունաբերության աճն է: Իսկ Հայաստանի արդյունաբերության աճը պայմանավորված է հիմնականում հանքարդյունաբերությունում տեղի ունեցող գործընթացներով, որը տնտեսական աճ կարելի է չհամարել: Սա էքստենսիվ աճ է… ավելի շատ պղինձ ու մոլիբդեն է արտահանվել, եւ աճում է այս ոլորտը: Այլ ոլորտներում ես էական տեղաշարժեր չեմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսական ակտիվության վերջին տվյալը բնութագրեց որպես «գրեթե երկնիշ ակտիվության ցուցանիշ». - «Ուրախացնում է հատկապես այն, որ տնտեսության ակտիվության ետեւում կանգնած է արդյունաբերության, մասնավորապես հանքահումքային, դեղագործության, սննդի վերամշակման ոլորտներում տեղի ունեցած աճը, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին էլ տնտեսական աճը կպահպանվի»:

Մինասյանը չհամաձայնեց, թե Հայաստանում տնտեսական աճը պետք է հիմնականում պայմանավորել հանքահումքային արտադրանքի բարձր միջազգային գներով. - «Արդյունաբերության մնացած ճյուղերում եւս պատկառելի աճ մենք ունենք»:

Բագրատ Ասատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է ընդամենը 0.1 տոկոս, թեեւ «վերջին շրջանում մենք հաճախ ենք լսում, որ կառավարությունը դեմքով շրջվել է դեպի գյուղը»:

«Այս տարի գյուղատնտեսությունը շարունակում է մնալ նույն վիճակում, ինչ նախորդ տարի էր… Գյուղը դեռ ոչինչ չի ստացել: Գյուղի պրոբլեմը Հայաստանի Հանրապետությունում գլոբալ է, համակարգային փոփոխությունների կարիք ունի», - նշեց նա:
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG