Մատչելիության հղումներ

Սննդամթերքի անվտանգության ծառայությունում 80 հոգու ազատել են աշխատանքից


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Արմեն Վարդանյանը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից Արմեն Վարդանյանը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության շուրջ 8 տասնյակ աշխատողներ արդեն երկրորդ ամիսն է գործազուրկ են: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը վերակազմավորվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, որի պատճառով ապրիլի 1-ից որոշ կրճատումներ են տեղի ունեցել, սակայն աշխատողները այս մասին իմացել են միայն ապրիլի 30-ին` շարունակելով մեկ ամիս աշխատանքի գնալ:

Պարենային հումքի, դեղերի եւ անասնակերի հսկողության բաժնի արդեն նախկին պետ Արմեն Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, թե տեսչության նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանը չի ընդունել իրենց, միայն մամուլին տված հարցազրույցներում նշել է, թե տեղյակ չի եղել, որ աշխատանքից ազատված մարդիկ շարունակել են աշխատել:

«Այսինքն մարդը նշանակվում է պետ մի հիմնարկում, որտեղ ապարատում գոնե 30-35 հոգի մարդ է աշխատում եւ այդ 35-ից ինքը չի տեղեկացել, թե ովքեր են [աշխատանքից հեռացվածները], ինչ են աշխատում կամ ինչի համար են գործի գալիս», - ասում էր Վարդանյանը:

Ապրիլ ամսվա աշխատավարձը այս մարդիկ այդպես էլ չեն ստացել, Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Դանիելյանի խոսքով, իրեն նույնիսկ չեն բացատրել, թե ինչու են աշխատանքից ազատել:

«Իմ այն հարցին, թե ի՞նչ պատճառով, ինձ ասացին` գնացեք իրերը հավաքեք եւ գնացեք այստեղից», - ասաց Դանիելյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ այս մարդիկ աշխատանքից ազատված են եղել դեռ ապրիլի 1-ին, մինչդեռ Գրիգոր Գրիգորյանը ստանձնել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնը ապրիլի 8-ին եւ չի կարող պատասխանատվություն կրել նախկին պետի գործողությունների համար: Պիպոյանի խոսքով` նախկին աշխատակիցները անգամ կադրերի ռեզերվում չկան: Նա հավաստիացրեց, որ նախկին աշխատակիցները կստանան ապրիլ ամսվա աշխատավարձը:

Պիպոյանը պնդում է, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում այս մարդկանց մասնագիտական կարողությունները, սակայն ոչինչ անել չեն կարող: Նախկին աշխատակիցները նամակով դիմել են նախագահին, ում վերահսկողության ծառայությունից խորհուրդ են տվել դիմել դատարան` խոստանալով, աջակցել միայն ապրիլ ամսվա աշխատավարձը ստանալու հարցում:

«Կարելի է ասել` արհամարհված վիճակում մարդիկ սպասում են, որ համապատասխան բարձ ատյաններին դիմելուց հետո ինչ-որ բան կարգավորվի, բայց քանի որ անորոշ կարգավիճակը շարունակվեց, հիմա ստիպված ենք հարցը դատական կարգով վիճարկել», - ասաց Արմեն Վարդյանյանը:
XS
SM
MD
LG