Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցին առայժմ չի մեկնաբանում Վրաց կաթողիկոսի հայտարարությունը


Իլյա Երկրորդը ողջունում է Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանին: 10-հունիսի, 2011 թ.
Իլյա Երկրորդը ողջունում է Գարեգին Երկրորդին հայ-վրացական սահմանին: 10-հունիսի, 2011 թ.
Հայ առաքելական եկեղեցին առայժմ չի մեկնաբանում Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հայտարարությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասին:

«Նշենք պարզապես, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հարգում է Իլյա պատրիարքի տարիքը եւ նրա փորձառությունը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյյանը:

Երեկ Թբիլիսիում` Հավլաբարի Սբ Երրորդության տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ վրաց պատրիարքն ասել է, թե Հայոց կաթողիկոսը «շտապողականություն է ցուցաբերում իր փորձի պակասի պատճառով»:

«Գարեգին Երկրորդը երիտասարդ է եւ, հավանաբար, մեծ փորձի պակաս ունի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն բան անել արագ, ինչն այդպես չի ստացվի: Ես նրան ասացի, որ ունեմ 30-ամյա փորձ, այնպես որ ամենալավը հանգստությունն է», - հայտարարել է Իլյա Երկրորդը` հավելելով, թե հայերը ցանկանում են եւս մի քանի եկեղեցիներ բացել Վրաստանում. - «Մենք նրանց առաջարկեցինք. ինչ կարվի հայերի համար Վրաստանում, նույնը պետք է արվի Հայաստանում վրացիների համար: Եթե այստեղ բացվեն հայկական եկեղեցիներ, ապա այնտեղ եւս պետք է բացվեն վրացական եկեղեցիներ»:

Վրաց կաթողիկոսն ընդգծել է, թե իրենց եկեղեցիները բաց են բոլորի առաջ, սակայն իրենք «թույլ չեն տա, որ ճնշեն վրաց ժողովրդին»:

Իլյա Երկրորդն այս հայտարարությունն արել էր Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած 6-օրյա այցելությունից հետո, որի ընթացքում հարեւան երկրների հոգեւոր առաջնորդների միջեւ բանակցություններ էին տեղի ունենում երկու եկեղեցիների` միմյանց նկատմամբ ունեցած պահանջների շուրջ:

Հայկական կողմը պահանջում էր իրավաբանական անձի կարգավիճակ տալ հայկական եկեղեցուն Վրաստանում, վերադարձնել չգործող 6 եկեղեցիներն ու միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Վրացական կողմը իր հերթին բարձրացրել էր Հայաստանում գտնվող քաղքեդոնական եկեղեցիների պատկանելության հարցը: Ըստ նրանց` դրանք վրացական են:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, Վրաստանում եկեղեցին մեծ ազդեցություն ունի քաղաքականության վրա եւ դրանով տարբերվում է հայկական եկեղեցուց :

Իսկանդարյանի կարծիքով` վրաց եկեղեցին փորձում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն վրացիների եւ ուղղափառ համայնքների վրա. - «Խոսքն այն մասին է, որ, օրինակ, քրիստոնեական տաճարներ են կառուցում Վրաստանի ադրբեջանական շրջաններում, որտեղ ընդհանրապես քրիստոնյա չկա: Սրանք միտումներ են, որ մենք կոչում ենք ազգայնական կամ ազգայնամոլական: Իրենց մոտ դրանք ունեն կրոնական երանգ»:

Փորձագետը հավելեց, թե սա Վրաց պատրիարքի առաջին կտրուկ հայտարարությունը չէ:

«Եթե մենք սպասենք, թե կծնվի հայերին սիրող եւ հանդուրժող վրաց եկեղեցի, ապա գուցե ստիպված լինենք եւս մի քանի հազարամյակ սպասել... Աշխատել պետք է նրանց հետ, ովքեր կան», - եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG