Մատչելիության հղումներ

Մինչ միջնորդները ճեղքում են ակնկալում ղարաբաղյան բանակցություններում, արեւմտյան փորձագետների մի մասը չի բացառում պատերազմի վերսկսման հավանականությունը:

Հունիսի 25-ին Կազանում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել առաջիկա հանդիպման վերաբերյալ լավատեսական կանխատեսումներով, իսկ Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները Դովիլում ընդունած համատեղ հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել ընդունել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները եւ անցնել համաձայնագրի մշակմանը:

Այդուհանդերձ, «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում ամերիկյան Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը ընդգծել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը ոչ թե «սառեցված», այլ «ծխացող» հակամարտություն է:

«Ռազմատենչ հռետորաբանության այսօր առկա աստիճանը պատերազմն ավելի հավանական է դարձնում: Չի բացառվում, որ կգա մի պահ, երբ խոսքերը գործի կվերածվեն», - նշել է փորձագետը:

Ղարաբաղյան խնդրով զբաղվող մեկ այլ արեւմտյան փորձագետ` Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Շիթսը, «Ֆրանսպրեսին» փոխանցել է, որ նոր պատերազմը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ` վնասելով նաեւ այս տարածաշրջանով անցնող խողովակաշարերը:

«Իրադարձությունները կարող են զարգանալ շատ վտանգավոր մի սցենարով, երբ փախստականների զանգվածային տեղահանում կարող է արձանագրվել, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել հակամարտության մեջ», - ասել է Շիթսը:

Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչներն ավելի վաղ զգուշացրել էին, որ նոր սպառազինությունների ձեռքբերումն ու ընդհարումները շփման գծում ի վերջո կարող են հանգեցնել պատերազմի վերսկսմանը:

«Երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հնչում, եւ չկա որեւէ նախանշան, թե բանակցային գործընթացում լուրջ շրջադարձ է հնարավոր», - նշել է Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան ծրագրի տնօրենը` հավելելով, թե նույնիսկ եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի առաջիկայում` «խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան»:

«Ֆրանսպրեսը» նաեւ մեջբերում է Երեւանում գործող Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքերը. - «Ոչ ոք Երեւանում չի հավատում, որ Ղարաբաղը կարող է հանձնվել Ադրբեջանին: Հայաստանում համոզված են` Լեռնային Ղարաբաղը կամ պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, կամ էլ միանա Հայաստանին»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG