Մատչելիության հղումներ

«Երկխոսության ռեժիմը Հայաստանում սահմանված է»


Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Նախագահ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն նշել է այն կազմը, որը կմասնակցի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ հնարավոր երկխոսությանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի ուրբաթ օրվա հայտարարությունը` քաղաքագետը ասաց. - «Անուղղակի դա [կազմը] նշվեց, բայց այն ձեւը, ինչպես դա արվել էր, թույլ է տալիս ասել, որ ոչ թե ինչ-որ մշտական հանձնաժողովի մասին է խոսքը, այլ կոնկրետ անձանց եւ ավելի շուտ` պաշտոնյաների, եւ այդ առումով, ես կարծում եմ, նախագահ Սարգսյանը փորձեց ձեւաչափը անել այն ձեւով, որով, իր տեսանկյունով, ավելի ձեռնտու կլինի հենց իրեն եւ իր համախոհներին»:

«Այս հայտարարությամբ նախագահ Սարգսյանը, մի կողմից, ցույց տվեց, որ չի գնալու որեւէ նոր ընտրություններին, բայց, մյուս կողմից, նաեւ ցույց տվեց այն հանգամանքը, որ այսպես կոչված երկխոսությունը ընդդիմության եւ իշխանության միջեւ այն կատեգորիան է, որը ինքը փորձելու է նույն տեղից շարունակել», - ասաց Մինասյանը:

Թե ինչպիսի քայլ կհաջորդի նախագահի հայտարարությանը` քաղաքագետը այս առնչությամբ նշեց. - «Ես կարծում եմ, ներկայումս, ինչպես ասում են, գնդակը գտնվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դաշտում, եւ այն հանգամանքը, որ երեկ հայտարարվել է, որ դեռ ուսումնասիրվելու է եւ քաղաքական կառույցներում ՀԱԿ-ի այս հարցը քննարկվելու է, խոսում է այն մասին, որ, ըստ երեւույթին, քաղաքական որոշում կընդունվի հետագա քայլերի մասին»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի հայտարարությունը ոչ միանշանակ ու ոչ հստակ պատասխան է Հայ ազգային կոնգրեսի պահանջ-առաջարկին, չնայած պարունակում է կարեւոր շեշտադրումներ:

«Հանրապետական կուսակցության այս խորհրդարանական ակտիվ, երեւացող, հանրությանը միշտ ներկայացող թեւը, փաստորեն, քշվեց լուսանցք, սա` առաջինը: Եվ երկրորդը` դե ֆակտո ձեւավորվեց երեք անձանցից մի խումբ, որը, կարելի է ասել, շնորհիվ այս երկխոսության ձեռք է բերում պայմանական լեգիտիմություն», - նշեց Մեհրաբյանը:

Ի վերջո, ըստ նրա, նախագահի հայտարարությունը փաստում է նաեւ հետեւյալը. - «Հանրապետության փաստացի ղեկավարությունը չի կարող մերժել երկխոսությունն ինքնին, քաղաքական երկխոսությունը»:

Արտահերթ ընտրությունների` ՀԱԿ-ի պահանջի եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից դրանց բացառման առնչությամբ Մեհրաբյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ սա այն դաշտն է, որը առայժմ գրավված չէ ո'չ իշխանության, ո'չ ընդդիմության կողմից, այլ գտնվում է նրանց արանքում, եւ ինչ կլինի-ինչ չի լինի` դա կորոշվի հետագա զարգացումներով: Իհարկե, Կոնգրեսը ոչինչ չի խնայի, իմ կարծիքով, որպեզի դա վերածվի ե'ւ բանակցությունների, ե'ւ նաեւ զարգացումները տանեն հենց արտահերթ ընտրությունների: Եվ իհարկե, իշխանության տարբեր թեւերի կողմից էլ ջանքեր չեն խնայվի, որպեսզի դա տեղի չունենա: Սա արդեն, ինչպես ասում են, պայքարի արդյունքի խնդիր է»:

«Մյուս կողմից էլ` կարող ենք ասել, որ երկխոսության ռեժիմը Հայաստանում սահմանված է», - հայտարարեց քաղաքագետը:

Մեհրաբյանի կարծիքով` ակնհայտ է, որ իշխանությունները գիտակցում են, որ երկխոսությունը` կոնկրետ արդյունքներով, որն ակնկալում է քաղաքականապես ակտիվ հասարակությունը, այլընտրանք չունի:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG