Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյան. «Նախագահը մինչեւ Կազան գնալը ինչ-որ մի բան ժողովրդին պետք է ասի»


Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի շաբաթօրյա «կլոր սեղանի» հյուրն էր եւ պատասխանեց Ղարաբաղյան գործընթացին ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին:

Ղարաբաղյան գործընթացի եւ Կազանի հանդիպման մասին

«Երբեք, ամբողջ այս [Ղարաբաղյան] գործընթացի պատմության ընթացքում, ես կարող եմ ասել, նման իրավիճակ չի ստեղծվել, երբ բոլորը ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել», - հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարարը` պատասխանելով հունիսի 25-ին Կազանում կայանալիք` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ նախագծի ընդունման հնարավորության մասին հարցին:

«Ես կարծում եմ, որ հանրապետության նախագահը այս ուղղությամբ ինչ-որ մի բան, մինչեւ Կազան գնալը, անպայման մեր ժողովրդին պետք է ասի», - ընդգծեց Օսկանյանը:

Անդրադառնալով Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման երկու սկզբունքները պետք է արտացոլվեն մեկ համաձայնագրում, ինչը Ադրբեջանի նախագահը նշել է որպես դրական երեւույթ, Օսկանյանը ասաց. - «Միանշանակ, եթե դա Ադրբեջանի նախագահն է ասում, փաստորեն, դրա մեջ պետք է կարդալ, որ նա առավելությունը տալիս է տարածքային ամբողջականությանը, այսինքն` նա նկատի ունի, որ ինքնորոշումը կլինի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այլ բան Ալիեւից ակնկալել` ես կարծում եմ, միամտություն կլինի»:

«Առավել եւս, որ Ալիեւը այդպիսի բան է ասում, ուրեմն` Հայաստանի նախագահը, ես կարծում եմ, որ ուղղակի պարտավորված է, որ անպայման մեր ժողովրդին մինչեւ Կազան գնալը ինչ-որ բացատրություն տա` կստորագրվի փաստաթուղթ, չի ստորագրվի», - ընդգծեց նախկին արտգործնախարարը` հավելելով. - «Իսկ ամենամտահոգիչը կարող է այն լինել, որ եթե նախագահը ինքը դեռեւս չգիտի` կստորագրվի, թե` չէ, որովհետեւ դրա հնարավորությունն էլ կա»:

«Այնպես որ, ժողովրդին պատրաստելու, ես կարծում եմ, որ հարց կա, եւ այս քար լռությունը այդ կապակցությամբ ինձ ուղղակի զարմացնում է», - ասաց Վարդան Օսկանյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցում առկա համաձայնության մասին հայտարարության եւ դրան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի արձագանքի առնչությամբ, ըստ որի` վերջին երեք տարվա ընթացքում Ղարաբաղի շուրջ խաղաղապահ գործողության մասին հարց չի քննարկվել, Վարդան Օսկանյանը ասաց. - «Խաղաղապահ ուժերի հարցը տասներորդական հարց է. եթե խաղաղապահ ուժեր են լինելու` լինելու են միայն երբ արդեն համաձայնություն կա: Այնպես որ, այսօր մենք պետք է խոսենք, թե արդյո՞ք հնարավորություն կա համաձայնության գալու, եթե այո` ի՞նչ պայմաններով, ի՞նչ ենք զիջել մենք կամ Ադրբեջանը, ի՞նչ է փոխվել նախկինից: Որովհետեւ տարիներ շարունակ մենք բանակցել ենք, չէ՞, ընդհանուր եզր չենք գտել Ադրբեջանի հետ»:

«Ես գոնե լավ գիտեմ, թե տարակարծությունները ինչ են, որն էր նշաձողը, որ մենք ունեինք, Ադրբեջանի նշաձողը որն է: Երբ այսօր խոսք է գնում, որ հնարավոր է ինչ-որ բան ստորագրել, նշանակում է` կողմերից մեկը նշաձողը իջեցրել է, միգուցե երկուսն են իջեցրել: Եթե մենք իջեցրել ենք` ինչքա՞ն ենք իջեցրել: Որովհետեւ իմ իմացած նշաձողը այդ օրերին արդեն սահմանագծային նշաձող էր, եթե դա իջել է, ես ուղղակի չգիտեմ` առաջին հերթին Ղարաբաղի ժողովուրդը, Ղարաբաղի ղեկավարությունը, վերջ ի վերջո հայ ժողովուրդը ո՞նց կարող է դա ընդունել», - ընդգծեց նախկին արտգործնախարարը` հավելելով. - «Այստեղ բազմաթիվ հարցեր կան մինչեւ խաղաղապահ ուժերին հասնելը, բայց քանի որ հարցրեցիք, ես ասեմ. խաղաղապահ ուժերի խնդիրը, այո, միշտ էլ եղել է բանակցությունների օրակարգի վրա, բայց միշտ չէ, որ դրա մասին խոսել ենք, որովհետեւ դա երկրորդական է, առավել կարեւոր հարցեր կան սկզբունքային: Բայց որ փաստաթղթում` Մադրիդյան, եղել է պարբերություն դրա մասին` ես կարող եմ դա հաստատել, եւ վստահ եմ, որ այսօր էլ փաստաթղթում կա»:

«Մեր ուղենիշը պետք է լինեն մեր ազգային շահերը` ինչ կարող ենք զիջել, ինչ կարող ենք չզիջել», - հայտարարեց Օսկանյանը:

«Ես այստեղ մի քիչ նախապաշարված եմ` այն առումով, որ հայ - թուրքական գործընթացից հետո ես իմ վստահությունը կորցրել եմ իշխանությունների գործելաոճի մեջ, եւ ինձ արդեն ոչինչ չի զարմացնում. առաջին հերթին` եթե բան ստորագրվի, չեմ զարմանա, երկրորդ` եթե պարզվի, որ այնտեղ շատ բան ենք զիջել, չեմ զարմանա, երրորդ` նույնիսկ եթե մենք մեզ համար ամենակարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածի կապակցությամբ ինչ-որ բաներ ենք զիջել` էլի չեմ զարմանա, որովհետեւ կա արդեն հայ - թուրքականի փորձը: Այնպես որ, ես այստեղ իսկապես շատ լուրջ մտահոգություն ունեմ», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը: - «Անակնկալները չեն բացառվում` մենք տեսել ենք հայ - թուրքականի մեջ, եւ հանկարծ եթե նորից մեր ժողովուրդը անակնկալի առաջ դրվեց, եւ պարզվեց, որ այնտեղ մենք իսկապես շատ բան ենք զիջել, հետո այդ բոլորը հետ շրջելը, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի»:

«Մեր խնդիրները ներսում են»

«Այսօր Հայաստանի վիճակը բավական ծանր է` մենք բոլորս դա արձանագրում ենք, իշխանությունները դա լավ գիտեն, եւ այստեղ հարցը հետեւյալն է` այս բոլորը մենք անում ենք այս նեղ վիճակում, որպեսզի երկիրը այս ծանր իրավիճակից դո՞ւրս բերենք. այս մտայնությունը, թերեւս, Հայաստանում գերիշխող է, որ միայն Ղարաբաղի հարցի լուծումով, հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմամբ երկիրը այս իրավիճակից կարող է դուրս գալ», - ասաց Օսկանյանը եւ հավելեց. - «Ես այդ տեսակետին մասամբ համաձայն լինելով` հիմնականում հակադրվում եմ, որովհետեւ մեր խնդիրները ներսում են»:

«Այսօր մենք ծանր վիճակում ենք, որովհետեւ վատ է կառավարվում երկիրը, մենք ծանր վիճակում ենք, որովհետեւ սխալ քաղաքականություն է վարվում, որովհետեւ դեռեւս չենք կարողանում արմատական, հիմնարար փոփոխություններ կատարել մեր երկրում, որովհետեւ ժողովրդավար պետություն չենք, որովհետեւ կա քաղաքական մոնոպոլիա` ա'յ դրանք են մեր խնդիրները, դրանք պետք է լուծել: Հիմա, հարցը հետեւյալն է` երբ դու բանակցում ես ուժեղ դիրքերից եւ ներսում ուժեղ ես եւ ուզում ես Ղարաբաղի հարց լուծել, դա շատ լավ է, եւ կկարողանաս դա անել, որովհետեւ ուժեղ ես եւ խնդիրը այլ կերպ կնայես: Բայց երբ դու ուզում ես այս նեղ վիճակում, երբ թույլ ես, Ղարաբաղի հարցը լուծել, որպեսզի երկիրը իրավիճակից դուրս բերես, նշանակում է` դու որակապես բոլորովին այլ հարթության վրա ես, դու թույլ դիրքերից ես բանակցում», - հայտարարեց նախկին արտգործնախարարը եւ շարունակեց. - «Այնպես որ, ինձ համար դեռեւս սա անորոշ է` մենք ուզում ենք այսպես հապճեպ գնանք հարցի լուծման` երկիրը այս ծանր վիճակից դո՞ւրս բերել, թե՞ իսկապես ուզում ենք երկարատեւ խաղաղության հասնել: Այս հարցի պատասխանը դեռեւս մենք չունենք»:

Ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության մասին

Գնահատելով Հայաստանի ներկայիս ներքաղաքական վիճակը եւ մասնավորապես պատասխանելով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության եւ հնարավորության վերաբերյալ հարցին` նախկին արտգործնախարարը ասաց. - «Ես բոլոր գործընթացներին կամ երեւույթներին իմ գնահատականը տալիս եմ` դատելով արդյունքներից: Այսօր Հայաստանի վիճակը ծանր է, եւ այդ գնահատականը ոչ թե սուբյեկտիվ է, այլ օբյեկտիվ է` այն իմաստով, որ դատում եմ արդյունքներից: Մեր տնտեսության վիճակը ծանր է, արտաքին քաղաքականության ոլորտում նույնպես ես արդյուքններ չեմ տեսնում, ներքաղաքական գործընթացներին գնահատականը ես կտամ` միայն ելնելով արդյունքներից»:

«Ինչպիսի արդյունքի ենք մենք ձգտում` ես դա կարող եմ ասել, գոնե ինձ համար որն է արդյունքը. արդյունքը կլինի այն, երբ մեր մոտ քաղաքական մոնոպոլիան կվերանա: Այսօր Հայաստանի ամենամեծ պրոբլեմը ոչ թե տնտեսական մոնոպոլիան է, ոչ թե կոռուպցիան է, ոչ թե չարաշահումներն են, [այլ] քաղաքական մենաշնորհն է. մյուս բոլորը, որ ես թվարկեցի, ծառայում են քաղաքական մենաշնորհի պահպանմանը, եթե քաղաքական մենաշնորհը վերանա, այդ բոլորը ուզեն-չուզեն կվերանան», - ընդգծեց Վարդան Օսկանյանը:

«Այսօր դրա [քաղաքական մենաշնորհի վերանալու] բոլոր օբյեկտիվ նախադրյալները կան, որովհետեւ ծանր է երկրի վիճակը, մեր ժողովուրդը չի գնա այսօր իշխող կուսակցությանը իր ձայնը տա, այսօր քաղաքական ուժերը ավելի հասուն են, ավելի բազմազան են: Եթե կիսատ չափով այսօր Հայաստանում ազատ, արդար ընտրություններ լինեն խորհրդարանական, ամբողջ քաղաքական դաշտը կձեւափոխվի, ավելի նորմալ կլինի, կստեղծվեն իսկական կոալիցիաներ», - համոզմունք հայտնեց նախկին արտգործնախարարը` հավելելով. - «Եթե այս բոլորը արվում է վերջ ի վերջո այդ արդյունքին հասնելու, հատկապես` ՀԱԿ-ի [ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի] կողմից, ես դա ողջունում եմ, իսկ եթե այդ բոլորը այսօր արվում է` երկուստեք մտածելով, որ ինչ-որ այլ խնդիրներ են ուզում լուծել, որ վերջ ի վերջո վերապահպանվի այս քաղաքական մենաշնորհը, եւ ուղղակի ՀԱԿ-ը որոշ տեղեր ունենա` ես դատապարտում եմ»:

«Ես կդատեմ միայն արդյունքներից, եւ արդյունքները կերեւան միայն ու միայն խորհրդարանական ընտրություններից հետո` դա լինի հերթական ընտրություն, կամ արդեն վաղաժամկետ ընտրություն», - ասաց Օսկանյանը:

Ռոբերտ Քոչարյանի եւ մեծ քաղաքականություն նրա հնարավոր վերադարձի մասին

«Մամուլում, փորձագիտական, քաղաքական շրջանակներում հաճախ Ձեզ հիմա էլ համարում են Քոչարյանի թիմի անդամ: Դու կիսո՞ւմ եք այդ գնահատականները, եւ արդյո՞ք ենթադրում եք, որ պարոն Քոչարյանը կվերադառնա մեծ քաղաքականություն», - այս հարցին Վարդան Օսկանյանը արձագանքեց. - «Ես Քոչարյանի հետ 10 տարի աշխատել եմ, դրանից առաջ էլ եմ աշխատել, երբ Ղարաբաղի հիմնական բանագնացն էի Ղարաբաղի հարցում, Քոչարյանի հետ ես շփվում էի ե'ւ Ղարաբաղում, ե'ւ Հայաստանում: Նաեւ Տեր-Պետրոսյանի թիմից եմ ես եղել` 6 տարի էլ Տեր-Պետրոսյանի հետ շատ մոտիկից եմ աշխատել` ե'ւ բանագնաց, ե'ւ հետո առաջին փոխնախարար: Այնպես որ, մարդկանց չեմ ծառայել ես` ես իմ աշխատանքն եմ արել: Այո, Քոչարյանի թիմից եմ եղել, միասին լավ աշխատել ենք եւ արդյունք ենք տվել»:

«Փաստ է, չէ, որ երկիրը, վերջ ի վերջո, զարգացավ, բարգավաճեց, ինչ-որ տեղաշարժ կար», - ասաց նախկին արտգործնախարարը: - «Այսօր որ համեմատության մեջ ես դնում այդ շրջանը եւ այսօրվա շրջանը` տնտեսական առումով ... Արդյունքներից դատելով` այսօր համեմատություն չկա»:

«Քոչարյանը կվերադառնա, թե` չէ, այդ հարցը իրեն պետք է տաք: Բայց որ, գիտեք, ժողովուրդը համեմատության մեջ է այսօր նայում` այդ շրջանը եւ այս շրջանը… Նույնիսկ Տեր-Պետրոսյանի որոշ շրջան, գիտեք, երբ որ օբյեկտիվ ես նայում, թե Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը ինչպիսի պայմաններում է անցել, եւ այսօր, երբ բոլորովին այլ պայմաններ են, եւ շատ ավելի լավ հիմքեր կային, եւ այս 4 տարին մենք միայն հետ ենք գնացել, բոլոր տեսակի համեմատություններով` այսօր ե'ւ Քոչարյանը, ե'ւ Տեր-Պետրոսյանը, ես կարծում, որ ավելի բարենպաստ դիրքերում են հայտնվում», - հայտարարեց Վարդան Օսկանյանը:

«Չգիտեմ, Քոչարյանը ինքը պետք է որոշի` կուզենա վերադառնալ, թե` չէ, եթե ուզում է` ինչ ճանապարհով, դա այլ խնդիր է», - ասաց նա:

Մարտի 1-ի մասին

«Ձեր կարծիքով, հետահայաց եթե նայենք, այն ժամանակ արդյո՞ք համարժեք ուժ կիրառվեց, արդյո՞ք համարժեք միջոցներ կիրառվեցին ընդդիմության ակցիաների դեմ», - այս հարցին Վարդան Օսկանյանը արձագանքեց. - «Դրա գնահատականը ես պիտի չտամ: Հիմա կարող եք հիշեցնել, որ «այդ գնահատականը Դուք մարտի 1-ին տվեցիք», որովհետեւ, այո, ես հիշում եմ` իմ մամուլի ասուլիսի առաջին մասում ես ասել եմ, որ ոստիկանությունը, փաստորեն, այնտեղ համապատասխան ուժ է կիրառել` ցրելու համար...»:

«Ես այդ բոլորը ասել եմ ինձ տրված ինֆորմացիայի հիման վրա. ես ո՛չ ներքին գործերի նախարար էի, ո՛չ վարչապետ էի, հասկանո՞ւմ եք, ես ինֆորմացիայի չէի տիրապետում, ինձ ինֆորմացիա էր տրվել` այդ ինֆորմացիայի վրա ես մամուլի ասուլիս էի անցկացրել», - ասաց նախկին արտգործնախարարը եւ շարունակեց. - «Հիմա, եթե այդ ինֆորմացիան սխալ է` դա հանձնաժողովը պետք է ճշտի, եթե հանձնաժողովը իսկապես իր աշխատանքը լավ անի, գնահատական տա բոլոր այդ երեւույթներին` ե՛ւ առավոտվա դեպքերի, ե՛ւ գիշերվա դեպքերի, ե՛ւ այդ մահացածությանը, արդեն ամեն ինչ իր տեղը կընկնի: Այն ժամանակ ես կարող եմ նայել` ինչ սխալ եմ ասել, ինչը ես ինձ թյուրիմացության մեջ եմ գցել, եւ իմ միջոցով` ժողովուրդը, եթե թյուրիմացության մեջ գցվել է թե չէ»:

«Դրա գնահատականը ես այսօր չեմ կարող տալ: Այդ օրը ինձ համար մի խնդիր կար` երկրի կայունության խնդիրն էր, օդում ես իսկապես զգում էի, որ լարվածությունը այնքան մեծացել է, որ կարող է արյունահեղություն լինի, եւ ժամը 6-ին, երբ ես համաձայնեցի նախագահի առաջարկին, որ մամուլի ասուլիս անեմ, մի նախապայմանով եմ ես դա արել` որ անպայման կոչ եմ անելու երկխոսության, եւ նախագահի համաձայնությունն եմ վերցրել: Մնացածը արդեն, գիտեք, այդ ընդհանուր իրավիճակի նկարագրությունն էր, որի ինֆորմացիան ինձ ներքին գործերի նախարարությունից էին տվել, եւ ես դա փոխանցել եմ ուղղակի: Բայց իմ հիմնական միսիան այդ օրը այդ երկխոսության կոչ անելն էր` նախագահի համաձայնությունը ունենալով եւ նպատակ ունենալով, որ այդ արյունահեղությունը կանխվի, որովհետեւ օդի մեջ ես դա զգում էի», - ասաց Օսկանյանը` վստահեցնելով, որ մարտի 1-ից հետո իր այդ առաքելությունը շարունակել է, թեեւ այդ մասին մամուլում երբեք չի ասել:

«Այնպես որ, ե՛ւ այդ օրը, ե՛ւ դրանից հետո, իսկապես, իմ առաքելության մեջ ես տեսնում էի, առաջին հերթին, կանխել, որ չստացվեց, դրանից հետո` այդ հետեւանքների հնարավորին չափ արագ վերացումը: Դրա համար էր, որ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո էլ ես առաջին օրվանից էլ ջատագովում էի, որ բանտերում գտնվողները պետք է դուրս գան: Իհարկե, շատ ուրախ եմ, որ [դուրս] եկել են, բայց, դժբախտաբար, երեք տարի ուշացումով», - հայտարարեց նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG