Մատչելիության հղումներ

Հունիսի 18-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը ասում է. - «Իշխանության եւ ընդդիմության երկխոսության արդյունքում, ինչպիսին էլ այն լինի, ավազակապետությունը չի կազմաքանդվի, ժողովրդավարություն չի հաստատվի, օլիգոպոլիաները չեն վերանա, կոռուպցիան չի նվազի, սոցիալ-տնտեսական իրավիճակը չի շտկվի: Չափից դուրս լավատեսական սպասումները նույնքան վտանգավոր են, որքան «սեւ» անհավատությունը: Այդ գործընթացը կարող է բերել արտահերթ կամ հերթական ընտրությունների: Դժվար թե Հայաստանի քաղաքացիների կյանքի իմաստը եւ ամենագլխավոր ձգտումը արտահերթ ընտրություններն են: Բայց մեր հասարակության զարգացած մասը հասկանում է, որ եթե ընտրությունների արդյունքները գոնե որոշ չափով արժանահավատ եւ վստահելի լինեն, դա կլինի մեծ առաջընթաց քայլ, որը մեր երկրի առաջ նոր հեռանկարներ կբացի»:

«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Ինչո՞ւ է ՀԱԿ-ը շփոթմունքի ակնհայտ նշաններ դրսեւորում, ինչո՞ւ էր իրենց համար անսպասելի պետության ղեկավարի հայտարարությունը: Ի՞նչ է նշանակում «խաղաղ բանակցություններ» պետության ներսում, եւ որո՞նք են դրա այլընտրանքը. «մարտական գործողություննե՞րը»: Հայաստանում, ի՞նչ է, քաղաքացիական պատերա՞զմ է ընթանում, որ մի հատ էլ կողմերը «խաղաղ բանակցությունների» նստեն: Սա ի՞նչ տնաքանդ մտածելակերպ է: Ի հուսախաբություն ոմանց, անցած տարիների ընթացքում պետության ղեկավարի դիրքորոշումն ու ներքաղաքական կյանքում կատարած քայլերը նպատակաուղղված են եղել հենց նման կործանարար ներքին առճակատումներ թույլ չտալուն եւ դրանք բացառելուն, ինչը մեկ անգամ եւս կարմիր թելի նման ընդգծված է Սերժ Սարգսյանի երեկվա անդրադարձում»:

«Երկիր»-ը իր խմբագրականում գրում է. - «Իշխանությունը եւ «արմատական» ընդդիմությունը երկխոսություն սկսելու իրենց ցանկությունը հիմնավորում էին ներհասարակական մթնոլորտի առողջացման, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար համազգային համերաշխության անհրաժեշտությամբ: Սակայն կողմերի միջեւ ընթացող գործընթացը հռչակված նպատակների հետ ի սկզբանե ոչ մի առնչություն չուներ: Կողմերը` հռչակելով այս «վեհ նպատակները», իրականում միմյանց «շախմատային» սխալներից օգտվելու, խորամանկորեն իրար ծուղակները գցելու եւ, վերջապես, բացառապես միմյանց «քցելու» «խիստ պրագմատիկ» խնդիրներն էին լուծում: Իրար դեմ անհաշտ պայքար մղող քաղաքական ուժերի հատվածային շահերի տեսանկյունից դիտարկելիս, կողմերի քայլերը միանգամայն հասկանալի են: Բայց, ի վերջո, այսպիսի երկխոսությունից ի՞նչ են շահում երկիրը, պետությունը, հասարակությունը: Արդյո՞ք այսպիսի երկխոսությունից դուրս ենք գալու ավելի ուժեղացած, համերաշխ ու ավելի մեծ ներուժով, այն էլ սպասվող զարգացումների ժամանակահատվածում»:

«Կապիտալ»-ը զրուցել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Որքանո՞վ եք իրատեսական համարում քաղաքական «երրորդ ուժի» կազմավորումը»: Պատասխան. - «Ես էլ Ձեզ գուցե հարցնեմ` իսկ որո՞նք են առաջինն ու երկրորդը: Այդ դեպքում գուցե հարց ծագի, թե ինչ չափորոշիչներով են քաղաքական ուժերն ընտրվում ու դասակարգվում»: Լրագրող. - «Առաջինն ու երկրորդը կոալիցիան ու ՀԱԿ-ը համարելը տրաֆարետայի՞ն եք համարում»: Արմեն Մարտիրոսյան. - «Որեւէ մեկը Հայաստանում այսօր չի կարող ասել, թե իրականում ինչպիսին է իր վստահության աստիճանը հասարակության մեջ, ուստի վարկանշել քաղաքական ուժերն ըստ հանրային վստահության մենք չենք կարող: Մնացած ցուցանիշները զուտ թվային բնույթ են կրում. ով այսօր ամենամեծ ֆինանսական հնարավորություններն ունի, ով կարող է ամենաշատ թվով անդամներ հավաքագրել կամ իր միջոցառումներին շատ քաղաքացիներ ներգրավել: Դրանք բոլորն առանձին բաղադրիչներ են, որոնք չեն տեղավորվում այնպիսի քաղաքական տրամաբանության մեջ, որը թույլ կտար թվային հաջորդականություն շարել»:

«Ժամանակ»-ը զրուցել է Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի հետ: «Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմակերպած լսումներում տարբեր մեսիջներ հնչեցին Եվրամիությանը` ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ առաքելության հարցում ԵՄ-ի անդամ երկրների հնարավոր մասնակցության վերաբերյալ», ուստի Կիրիլովին լրագրողը հարցնում է, թե նա տեսնո՞ւմ է նման հնարավորություն եւ առհասարակ` ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին: «Կարծում եմ` հակամարտության երկու կողմերը ԵՄ-ին ընդունում են որպես անկողմնակալ գործընկերոջ եւ որպես անվտանգության երաշխավոր հակամարտության գոտում: ԵՄ-ն կարող է դառնալ առաջնային միավոր խաղաղապահների առաքելության գործընթացում` իհարկե համագործակցելով այլ կառույցների հետ, ովքեր ցանկություն կունենան աջակցել այդ հարցում: ԵՄ-ն կարող է էական ներդրում ունենալ տնտեսական բարեփոխումներ անելու հարցում եւ պատրաստ է հետկոնֆլիկտային զարգացման եւ ենթակառուցվածքների հարցում աջակցել կողմերին: Երկու երկրներն էլ գիտեն, որ ԵՄ-ն չունի ինչ-որ գաղտնի օրակարգ` հիմնված իր սեփական շահերի վրա, այլ ուզում է խաղաղ եւ կայուն տարածաշրջան տեսնել, որը կղեկավարեն ժողովրդավարական իշխանությունները», - շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավորը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG