Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարը մասնակցել է 28+Հայաստան ձեւաչափով ՆԱՏՕ-ի կոմիտեի նիստին


Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է 28+Հայաստան ձեւաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի գնահատման 2011 թվականի զեկույցը, ինչպես նաեւ Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված նախագծում Հայաստանի պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները եւ երկրի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները:

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը եւ պատրաստակամություն հայտնել աջակցել վերանայման արդյունքում ձեւավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաեւ Աֆղանստանում հայաստանյան զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը եւ Հայաստան - ՆԱՏՕ պլանավորման եւ վերանայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը:

Հայաստանյան պատվիրակությունը գոհունակություն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ եւ մասնակից երկրներին շնորհակալություն հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման եւ պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG