Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան «Ռոդինգ Լիմիտեդ Ինտերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Վանաձոր Քիմպրոմ» Վանաձորի քիմպրոմ փակ բաժնետիրական ընկերությունն առաջիկա ամսում նախատեսում է գործարկել ընկերությանը պատկանող ջերմաէլեկտրակայանը, ինչը հնարավորություն կտա գործարկել քիմգործարանի կարբամիդի արտադրությունը:

Ջերմաէլեկտրակայանի արտադրած էներգիայի մի մասը կվաճառվի, մյուս մասը վերածվելով շոգու՝ կուղղվի կարբամիդ պարարտանյութի արտադրությանը:

Ընկերության գլխավոր տնօրենի նոր արտադրության գծով տեղակալ Ֆեոդոր Աբաջեւն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ կարբամիդ կստացվի մոտ կես տարուց:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ ջերմաէլկտրակայանը չէր գործարկվի, եթե կառավարությունը քիմպրոմին խորհրդատվական աջակցություն չցուցաբերեր:

Կառավարության աջակցությունը, սակայն, չի զգացվում կալիումական պարարտանյութերի արտադրության ոլորտում:

Ավելի քան երկու տարի առաջ քիմպրոմը փորձնականորեն անցավ կալիումական պարարտանյութերի արտադրության: Պարարտանյութի առաջին 58 տոննա խմբաքանակն անվճար հատկացվեց գյուղացիական տնտեսություններին:

Երկրորդ խմբաքանակի արտադրությունն արդեն երկու տարի ձգձգվում է` կապված կառավարության տարբեր օղակների թույլտվությունների հետ:

Կալիումական ու ազոտական պարարտանյութեր Հայաստանում չեն արտադրվում: Դրանք ներկրվում են ազդեցիկ գործարարների կողմից, ու քիմպրոմում թեկուզ շշուկով, բայց խոսում են այն մասին, թե կառավարությանը ձեռնտու չէ պարարտանյութերի արտադրությունը:

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, սակայն, հակադարձում է, որ կառավարությունը շահագրգռված է քիմգործարանի գործարկմամբ, վարչապետն անձամբ խոսել է կալիումական արտադրության անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG