Մատչելիության հղումներ

«Օքսֆամ» բրիտանական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կամավորների նախաձեռնությամբ ուրբաթ օրը Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ անցկացվեց «Աշխարհն առանց սովի» կարգախոսով ակցիային:

«Այսօր աշխարհում մեկ միլիարդ մարդ սոված է պառկում քնելու, թեեւ աշխարհը կարող է կերակրել բոլորին», - վստահեցնում են «Օքսֆամ»-ի կամավորները` հավելելով, որ աղքատությունը, գնաճը եւ պարենի ճգնաժամը չի շրջանցում նաեւ Հայաստանը:

«Այսօր մեր կամավորների հետ եկել ենք այստեղ, որպեսզի իշխանություններին կարողանանք ստիպել, որպեսզի քաղաքական կամք դրսեւորեն եւ պայքարեն գնաճի դեմ, ինչպես նաեւ ներդրումներ կատարեն տեղական գյուղմթերքի արտադրության ոլորտում», - ասաց «Օքսֆամ Մեծ Բրիտանիա» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի լրատվական աշխատանքների եւ շահերի պաշտպանության պատասխանատու Քրիստինե Հովաննիսյանը:

Ագզային վիճակագրական ծառայության տվյալներով, անցյալ տարվա մայիսի համեմատությամբ այս տարվա մայիսին Հայաստանում սպառողական գներն աճել են 9 տոկոսով:

«Զսպել գնաճը», «Ներդրումներ կատարել փոքր ֆերմերային տնտեսություններում», «Վերահսկել ներկրվող պարենային ապրանքների գները». ակցիայի շրջանակներում այսպիսի կոչերով են «Օքսֆամ»-ի կամավորները դիմում իշխանություններին:

«Կարծում եմ` եթե յուրաքանչյուրս ինչ-որ քայլ ձեռնարկենք, կհասնենք մեր նպատակին», - «Մաքսլիբերթի»-ին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիան կամփոփվի հոկտեմբերին` Աղքատության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում:

Մինչ այդ նախատեսվում է իրականացնել տարբեր ուսումնասիրություններ, նախապատրաստել առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի կառավարությանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG