Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում հարձակվել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացուհիների վրա


ԱՄՆ-ի դրոշը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը

ԱՄՆ-ի դրոշը Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատանը

Ադրբեջանի արտգործնախարարությունը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, ըստ որի` Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների նկատմամբ խուլիգանական հարձակումը Բաքվի Յասամալյան թաղամասում պատահականություն է եղել:

Հունիսի 16-ին կեսգիշերն անց ԱՄՆ-ի քաղաքացի լրագրող Ամանդա Էրիքսոնը եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի իրավապաշտպան Սիլվիա Դեւիս Քարիսը դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ ծեծի են ենթարկվել 4 անհայտ անձանց կողմից, որոնց նկարագրել են իբրեւ հաղթանդամ երիտասարդներ: Կանայք մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել, Դեւիս Քարիսը, մասնավորապես, ձեռքի կոտրվածք է ստացել:

Հարձակման կապակցությամբ ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Ադրբեջանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատները դեռեւս ձեռնպահ են մնում մեկնաբանություններից` հայտարարելով, որ տեղեկացված են կատարվածի մասին եւ տուժածներին օգնություն են տրամադրում:

Տեղացի իրավապաշտպանները չեն բացառում կատարվածի քաղաքական դրդապատճառները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակի տեղակալ Էհսան Զահիդովը հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությունը, թե հարձակումը նախօրոք ծրագրված է եղել, եւ հայտարարել է, թե տուժածների հետ զրույցում վերջիններս հաստատել են, որ միջադեպը տեղի է ունեցել պատահաբար, խուլիգանության հողի վրա:

Յասամալյան շրջանի ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ հետախուզական խումբ, ասել է Զահիդովը` հավելելով, որ ընթանում են միջոցառումներ հարձակումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ծեծը, հատկապես եթե նման գործողություններ կատարվում են օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, անձինք, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն», - հայտարարել է Զահիդովը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով լրագրողների նկատմամբ բռնությունը եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG