Մատչելիության հղումներ

logo-print

Ուրուգվայցի ավազակները հարգում են ֆուտբոլիստներին


Ուրուգվայի հավաքականը 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ, արխիվ

Ուրուգվայի հավաքականը 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ, արխիվ

Ուրուգվայում երեկ թալանել են ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Դիեգո Լուգանին։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ Լուգանը մի քանի րոպեով այցելել է իր ընկերոջը` հայտնի հարձակվող Դիեգո Ֆորլանին։

Հրաժեշտ տալով Ֆորլանին եւ մոտենալով մեքենային` Լուգանը նկատել է, որ պատուհանը կոտրված է, անհետացել է փողով եւ փաստաթղթերով փոքրիկ պայուսակն ու թանկարժեք բջջային հեռախոսը։

Անհետացած փաստաթղթերի թվում էին նրա ուրուգվայական եւ իտալական անձնագրերը, ինչպես նաեւ տեղեկանքներ, որոնք անհրաժեշտ են հավաքականի կազմում հուլիսի 1-ին 24-ը Արգենտինայում կայանալիք ֆուտբոլի Հարավային Ամերիկայի Գավաթին մասնակցելու համար։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ավազակները հավանաբար ֆուտբոլի սիրահարներ էին եւ Դիեգո Լուգանի տաղանդի երկրպագուներ։

Բանն այն է, որ հաջորդ օրը Ֆորլանի հարեւանուհին զանգահարել եւ տեղեկացրել է, թե գիշերն ինչ-որ մեկը թակել է դուռն ու անհետացել։ Բացելով դուռը` կինը տեսել է մի պայուսակ, որում եղել են Լուգանից գողացված փողը, փաստաթղթերն ու հեռախոսը։ Ուշագրավ է, որ գողերը ամբողջությամբ են վերադարձրել գումարը։

«Ահա թե ինչ է նշանակում խաղալ հավաքականում», - հուզված ասել է Դիեգո Լուգանը։

Նա իր մարզական կարիերան սկսել է «Նասյոնալ» թիմում: 2005 թվականին, հանդես գալով բրազիլական «Սան Պաուլու» ակումբում, ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն պաշտպան։ 2006 թվականից Դիեգո Լուգանը խաղում է թուրքական «Ֆեներբահչեում»։
XS
SM
MD
LG