Մատչելիության հղումներ

logo-print
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին, հնարավոր է նաեւ` այսօր կամ վաղը, կարող է անդրադառնալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու հարցին:

«Չի կարող պատահել, որ երբ որեւէ խնդիր են առաջացնում քաղաքական ուժերը` նախագահը չպատասխանի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով. - «Չունենք որեւէ առիթ մտածելու, որ նախագահը չի անդրադառնա դրան»:

«Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին` արդյոք այդ անդրադարձը կլինի այսօր, կամ վաղը, Հանրապետականի փոխնախագահը դրական պատասխան տվեց:

Մայիսի 31-ին հրավիրած վերջին հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը պատրաստ է երկխոսության:

Ընդդիմադիր առաջնորդի այս հայտարարությանը հաջորդեց երկխոսության համար ձեւավորված պատվիրակության կազմավորումը:

Ընդդիմությունը նաեւ հայտարարել է, որ բանակցությունների օրակարգը մեկն է` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, մինչդեռ իշխանությունը պատասխանել է, որ այդ հարցի շուրջ չեն բանակցելու:

Այսօր, սակայն, Գալուստ Սահակյանն ասաց, թե տեխնիկական հարցերը, այդ թվում` օրակարգի ձեւավորումը, լուծելի խնդիրներ են:

«Շատ դրական ենք համարում, որ ՀԱԿ-ը փորձում է երկխոսություն կազմակերպել: Մենք բոլորս պատրաստ ենք դրան: Տեխնիկական խնդիրները, եթե ցանկություն կա, դրանք լուծելի են», - պարզաբանեց Հանրապետականի փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG