Մատչելիության հղումներ

Աթենքի եւ Սկոպյեի վեճը նորից բորբոքվում է


Մակեդոնիա - Սկոպյեի հրապարակում հավաքվում է «Հեծյալը» արձանը, հունիս, 2011թ.
Մակեդոնիա - Սկոպյեի հրապարակում հավաքվում է «Հեծյալը» արձանը, հունիս, 2011թ.

Հունաստանը պաշտոնապես բողոք է հայտնել Մակեդոնիայի մայրաքաղաքում «Հեծյալը» արձանը տեղադրելու կապակցությամբ:

Բանվորները երեքշաբթի օրվանից սկսել են հսկայական բրոնզե արձանը հավաքելու աշխատանքը: «Հեծյալը» նման է Ալեքսանդր Մակեդոնացուն:

Հունաստանը ժամանակին արգելափակել էր իր հյուսիսային հարեւանի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությանը, քանի որ այդ երկիրն իրեն անվանել է «Մակեդոնիա»:

Այդ նույն անվամբ հյուսիսային շրջան ունեցող Հունաստանը դա որակում է որպես հունական պատմությունն աղավաղելու եւ հունական տարածքների նկատմամբ ոտնգությունների փորձ:

Հունաստանի պնդմամբ` այդ երկիրը ՄԱԿ-ում գրանցված է որպես «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն»:

Հույները նաեւ 1995 թվականին ստիպել են մակեդոնացիներին փոխել պետական դրոշը եւ հրաժարվել 16-թեւանի «Վերգինյան արեւից», որը համարվում է պատմական Մակեդոնիայի արքայության խորհրդանիշը:

«Դա հունական պատմությունը սեփականաշնորհելու սադրիչ միտում է, որը հակասում է ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի ունեցող բանակցությունների ոգուն», - հայտարարել էր Հունաստանի կառավարությունը:

Մակեդոնացիները սլավոններ են, ովքեր միջնադարում են բնակություն հաստատել Բալկաններում, սակայն մակեդոնացի պաշտոնյաներից եւ պատմաբաններից շատերը պնդում են, որ մակեդոնացիները սերում են Ալեքսանդր Մեծից (Մակեդոնացուց) եւ նրա հույն հոր Փիլիպոս երկրորդից:

Սկոպյեի օդանավակայանը եւ մարզահամալիրը կրում են Ալեքսանդր Մակեդոնացու անունը:

«Հեծյալը» արձանի տեղադրումը կտեւի մի քանի օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG