Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ֆրանսիայի դերը առանձնահատուկ է»


«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիան առանձնահատուկ դերակատարություն ունի», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրին:

«Մենք ցանկանում ենք մշտապես ամրապնդել եւ խորացնել մեր հարաբերությունները: Սա պայմանավորված է թե՛ պատմական դարավոր կապերով, թե՛ մեր երկու ժողովուրդների միջեւ առկա համակրանքով, թե՛ Ֆրանսիայի՝ միջազգային ծանրակշիռ դերակատար լինելու հանգամանքով, եւ, իհարկե, Ֆրանսիայում առկա ստվար հայկական համայնքով», - ասել է Հայաստանի նախագահը:

«Հայաստանը մեր սրտում է ամեն օր, քանի որ ամեն օր մենք շփվում ենք Ֆրանսիայում բնակվող հայերի հետ, ովքեր երկու մշակույթների, երկու քաղաքակրթությունների կրողն են եւ ովքեր ամեն օր մեզ հիշեցնում են ե՛ւ Հայաստանի անցած տառապանքը, ե՛ւ վեր հառնելու, նորից ճառագելու հայերի ունակությունը», - իր հերթին, ասել է Անրի դը Ռենկուրը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, զրուցակիցները նշել են հայ - ֆրանսիական հարաբերություններում ձեւավորված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, սերտ մշակութային, կրթական առնչությունները, ֆրանսիական ընկերությունների շոշափելի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, հաջող զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը:

Նրանք երկկողմ հարաբերությունների առաջնահերթ խնդիրներից են համարել առեւտրատնտեսական կապերի զարգացումը, առեւտրաշրջանառության աճը, ինչպես նաեւ գործարար շրջանակների շփումների ակտիվացումը:

Սերժ Սարգսյանն ու Անրի դը Ռենկուրը քննարկել են նաեւ Հայաստան - Եվրամիություն կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG