Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հունիսի 16-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է, որ Կազանում կայանալիք հանդիպումից սպասելիքները մեծ են։

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի հանրապետության մայրաքաղաքում կայանալիք այդ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին:

«Այդ փաստաթղթի ձեւակերպումները մշակվել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ապրիլին եւ հունիսին՝ Մոսկվայում։ Նախագահները Կազանում կքննարկեն այդ փաստաթուղթը, եւ համապատասխան որոշում կկայացնեն։ Ռուսական կողմը ակնկալում է, որ կլինեն առաջխաղացումներ, գործընթացն առաջ կգնա», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

Ռուսաստանցի դիվանագետը հավելել է, որ առաջխաղացման հնարավորության մասին վկայում է նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների Դովիլյան հայտարարությունը։

Ի դեպ՝ ադրբեջանցի լրագրողն իր հարցը ձեւակերպելիս օգտագործել է «օկուպացված տարածքներ» եւ «ագրեսոր երկիր» արտահայտությունները, եւ հարցրել, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է ստիպել Հայաստանին ստորագրել կարգավորման փաստաթուղթը։ Այս ձեւակերպումները Լուկաշեւիչը աննկատ չի թողել, եւ նախքան հարցին պատասխանելը լրագրողներին կոչ է արել «կոռեկտ ձեւակերպել հարցերը», քանի որ նման ձեւակերպումները անթույլատրելի են՝ հատկապես նման զգայուն խնդրի առնչությամբ, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG